
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թայվանի տարածքում Չինաստանի ծովային զորավարժությունների կապակցությամբ՝ կոչ անելով խուսափել տարածաշրջանում էսկալացիայից։
«Մենք մտահոգությամբ հետևում ենք ՉԺՀ-ի զորավարժություններին Թայվանի շուրջ: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը, որոնք էական են գլոբալ անվտանգության և բարգավաճման համար, և դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը ուժի կամ հարկադրանքի միջոցով: Թայվանի նեղուցում պետք է խուսափել էսկալացիայից»,-ասված է հաղորդագրության մեջ։
PLA զորավարժությունները տեղի ունեցան հոկտեմբերի 14-ին՝ դառնալով Պեկինի պատասխանը Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի՝ հոկտեմբերի 10-ի ելույթին։ Նա ասել էր, որ կղզին կպաշտպանի իր «ազգային ինքնիշխանությունը»: Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը հիշեցրել է, որ Թայվանը Չինաստանի մաս է, կղզին ինքնիշխան պետություն չի եղել և երբեք չի դառնա։