Դիտորդ մարմինը նոր որոշում է հրապարակել․ ինչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Mediahub.am կայքում հրապարակված հոդվածների դեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի բողոքի վերաբերյալ

Ա․ ՓԱՍՏԵՐ

• 2024 թ. օգոստոսի 21-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ Mediahub.am կայքում օգոստոսի 16-ին հրապարակված «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» վերնագրով նյութի վերաբերյալ։ Դիմումատուի պնդմամբ՝ նյութում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

• Նույն օրը քրեակատարողական ծառայությունը հրապարակել է հերքում, որը նաեւ էլեկտրոնային փոստով ուղարկվել է Mediahub.am-ին։

• Օգոստոսի 20-ին քրեակատարողական ծառայությունը հերքման պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Mediahub.am-ին (պատճենը տրամադրվել է ԴՄ-ին)։ Ի պատասխան Ծառայության պահանջին՝ Mediahub.am-ը «Կարեւոր լուրեր» բաժնում հրապարակել է մեկ այլ հոդված՝ «ՔԿԾ-ից պնդում են՝ Չաղ Ռուստամը բժշկական կենտրոնում «որեւէ անձի չի հանդիպել»․ ի՞նչ է տեղի ունեցել «Աստղիկ» ԲԿ-ում» վերնագրով։ Դրանում թեեւ մեջբերվել է ՔԿԾ հերքման տեքստը, սակայն հեղինակը շարունակել է պնդել նախկինում իր հրապարակած տեղեկությունների հավաստիությունը։

• Քրեակատարողական ծառայությունը համարում է, որ լրատվամիջոցը հերքման պահանջը չի կատարել եւ ակնկալում է, որ ԴՄ-ն գնահատական կտա լրատվամիջոցի գործողությունների համապատասխանությանը էթիկայի նորմերին։

• Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինը դիմումատու Նոնա Նավիկյանին եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ Վահե Մակարյանին առաջարկել է հանդիպել եւ փորձել երկուստեք քննարկման միջոցով հարթել խնդիրը։

• Կողմերը հանդիպել են սեպտեմբերի 24-ին կայացած ԴՄ առցանց նիստին եւ հարցեր են ուղղել միմյանց, պատասխանել ԴՄ անդամների հարցերին։ Համաձայնության հանգել չի հաջողվել․ Վահե Մակարյանը պնդել է, որ հերքման տեքստը հրապարակելով՝ ըստ էության կատարել է ՔԿԾ պահանջը, Նոնա Նավիկյանը պնդել է, որ հերքման տեքստը նման վերնագրի ներքո եւ հավելյալ մեկնաբանություններով հրապարակելը չի կարող համարվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հերքման պահանջի կատարում։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք

Հոդված 8․ Հերքման եւ պատասխանի իրավունքը

1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

3. Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

9. Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու եւ իր պատասխանը հրապարակելու հայցով:

II. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։

1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։

2.1. Հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները։

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։

6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

III. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

5․3․ Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:

Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների Դիտորդ մարմինը`

– քննելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի՝ Mediahub.am կայքում հրապարակված հոդվածի դեմ բերված բողոքը,
– հաշվի առնելով, որ ԴՄ միջնորդությամբ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության չեն եկել,
– նկատի առնելով, որ Mediahub.am-ը Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, սակայն դեմ չի եղել, որ իրեն վերաբերող դիմումը քննվի,

հրապարակում է սույն Փորձագիտական կարծիքը, որով արձանագրում է․

• Mediahub.am կայքում օգոստոսի 16-ին «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» վերնագրի ներքո հրապարակված նյութում կան անանուն աղբյուրից ստացված չճշտված տեղեկություններ։ Հոդվածի բովանդակությունից երեւում է, որ հեղինակը չի փորձել հարցումների կամ այլ միջոցներով պարզել ստացված տեղեկության իսկությունը, ինչը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 1.1 եւ 1.2 կետերի հետ։
• Ստանալով օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուղարկած հերքման պահանջը՝ լրատվամիջոցը փաստացի չի կատարել այն, քանի որ օգոստոսի 20-ին հրապարակված հոդվածը զետեղված չէ «Հերքում» խորագրի ներքո, լուրի վերնագիրը կամ բովանդակությունը չի վկայում, որ խմբագրությունը համաձայն է հերքման պահանջի հետ, թեեւ հոդվածում մեջբերված է հերքման տեքստի մի մասը։
• Խմբագրությունը կարող էր հրաժարվել հերքումից՝ ներկայացնելով առաջին հոդվածում բերված փաստերի հավաստիությունը վկայող հավելյալ տեղեկություններ, որոնք
հիմնված կլինեին լրացուցիչ հետաքննություն վրա։ Քանի որ դա չի արվել, ապա խմբագրության վարքը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 6.3 կետի հետ։
• Այդուհանդերձ, ԴՄ-ը կարեւորում է հրապարակված լուրի հանրային կարեւորությունը՝ արդարացված համարելով թեմայի շուրջ հետաքրքրությունը։ Դիտորդ մարմինը շեշտում, է, որ տեղեկության հավաստիությունն ապացուցող տվյալների բացակայության պայմաններում հերքման պահանջի բավարարումը չի նշանակում, որ խմբագրությունը չի կարող հետագայում, նման տվյալների ի հայտ գալու պարագայում, կրկին անդրադառնալ թեմային եւ հանրային կարեւորություն ներկայացնող լրացուցիչ տեղեկություններ հրապարակել։
• Դիտորդ մարմինը գնահատում է կողմերի պատրաստակամությունը՝ ընդունել ԴՄ առաջարկը եւ փորձել խնդիրը լուծել համատեղ քննարկման միջոցով։

Դիտորդ մարմինը Mediahub.am կայքին եւ մյուս լրատվամիջոցներին հորդորում է իրենց հասանելի միջոցներով տարածել սույն Փորձագիտական կարծիքը։




Լրահոս