ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՈՒՐՍԻ ԷՖԵԿՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 384.77 դրամ: Այսպիսով` դոլարը շարունակում է թանկանալ: Հոկտեմբերից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ դոլարն արժեւորվել էր գրեթե 13 դրամով` 372-ից հասնելով շուրջ 385 դրամի:
Դրամ-դոլար փոխարժեքի` այս սեզոնի համար բնորոշ տատանումներին վաղուց արդեն բացատրություն գտնված է. օլիգարխները հենց այս եղանակին են Հայաստան  ներկրում Նոր տարվա ապրանքները: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ` Ամանորի նախաշեմին առանձին ապրանքատեսակների վաճառքը կազմում է ողջ տարվա վաճառքի կտրվածքով մինչեւ 25 տոկոսը, որոշ ապրանքների դեպքում` անգամ 80: Խոսքը ոչ այնքան շաքարի, ալյուրի, կարագի, ձեթի եւ առաջին անհրաժեշտության այլ պարենամթերքի մասին է, որքան մսեղենի, ձկնեղենի, հնդկահավի մսի, մասամբ` խավիարի: 2011թ. նախաամանորյա օրերին այս պարենամթերքի սովորական եւ ամանորյա գների տատանումները բավական խոսուն էին: Այսպես խոզի միս` «սովորական» մեկ կիլիոգրամի համար` 1800-2200 դրամ, ամանորյա` 2700, խոզի բդի տեսքով մեկ  կիլոգրամում այն արդեն դարձել էր 3500 դրամ, քուֆթա` «սովորական»՝ 2200-2400, ամանորյա` 3200:  Ինչպես պարզեցինք, ի տարբերություն սեւ եւ կարմիր խավիարների, որոնց գնային տատանումներն այնքան էլ մեծ չեն, տարբեր տեսակի համադամ ձկնատեսակների գները Նոր տարուց առաջ նկատելիորեն ավելանում են:
Մի քանի ապրանքատեսակների վերը բերված  թանկացումները ներկայացնում ենք  դոլարի փոխարժեքի սեզոնային տատանումների ֆոնին: Նախ` ապրանքներ ներմուծելուց առաջ  անհրաժեշտ է «մի հատ» լավ արժեւորել դրամը, այն է` իջեցնել դոլարը, որպեսզի հարմար կուրսով շատ դոլար գնեն, ներմուծելիս դոլարի կուրսը բարձրանում է` ապրանքները թանկ դրամով վաճառելու համար, հետո կրկին շահավետ է դառնում դոլարի փոխարժեքի իջեցումը, որպեսզի դրամական հասույթը վերածվի մեծ քանակի դոլարի: Այսինքն. «Ոչ միայն ստանալ շահույթ առեւտրական գործունեությունից, այլեւ ստանալ, ասպես կոչված, փոխանակման կուրսի էֆեկտը»,-մեկնաբանում է ՀՀ նախկին վարչապետը:
Բնականաբար, սրան նպաստում է նաեւ սփյուռքից ուղարկվող  մեծաքանակ դոլարային   տրանսֆերտներն ամանորյա սեղանի վրա «մանրելու» հայ ժողովրդի մոլուցքը, որի պատճառով դեկտեմբերի վերջին շուկայում բնականորեն ստեղծվում է դոլարի ավելցուկ եւ դրամի պակասորդ: Այն է` դոլարն ինքնաբերաբար էժանանում է:
Ինչեւէ, հաշվի առնելով, որ այս տարվա այս սեզոնի համար դոլարն ու դրամն անցյալ տարվանից մի փոքր այլ վարքագիծ են դրսեւրել (եթե 2011թ. հոկտեմբեր- նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածն արձանագրել է  դոլարի 372-ից  385 դրամի բարձրացում, ապա անցած տարի ունենալով տատանումներ` դոլարը  նոյեմբերի  կեսին կազմել է նույնքան, որքան սկզբին` 361 դրամ), ապա ակնհայտ է, որ  պատճառը սոսկ սեզոնայնությունը չէ:
Թե ինչով է սա պայմանավորված, մասնագետների միակ բացատրությունը հետեւյալն է. իրականում գերարժեւորված դրամի իրական գինը ՀԲ փորձագետների «օֆ դը ռեքորդս» հաշվարկներով  ոչ թե  374-75 կամ 380, այլ 480 դրամ է:
Հայտնի է, որ դրամի կայունության պատրանք ստեղծելու յուրաքանչյուր փորձ Հայաստանի տնտեսության վրա խիստ թանկ է նստում, քանի որ նման դեպքերում փոխարժեքի տատանումներն իրականացվում են արտաքին պահուստներից փող վաճառելով, դոլար գնելով եւ դրանք շուկա լցնելով: Բայց, ինչպես ասում են, «պապն ամեն անգամ փլավ չի ուտում»: Հետեւաբար սպասել, որ ՀՀ կառավարությանը կհաջողվի ամեն անգամ ինտերվենցիա կազմակերպելով  մանեւրել, սխալ է:  Քանի որ հայտնի է, որ 2009թ. համանման օպերացիան կառավարությունը մի կերպ մարսեց:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս