ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025 թվականի համար գրեթե կիսով չափ կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ կառավարությունը հաստատել է 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների ժամանակավոր կացության քվոտան՝ այդ թիվը նվազեցնելով մինչև 5500-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«2025 թվական համար սահմանել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց 5500 ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտա՝ բաշխելով ըստ սուբյեկտների», – ասված է հրամանում։

2024 թվականին այդ քվոտան կազմել է 10 595, այսինքն՝ հաջորդ տարվա համար այն կրճատվում է գրեթե կիսով չափ։ Թույլտվությունների ամբողջ ծավալը կբաշխվի Ռուսաստանի տարածաշրջանների միջև՝ նրանց հայտերին համապատասխան։

Ամենամեծ թվով թույլտվություններ ավանդաբար ստանում են Մոսկվան և Մոսկվայի մարզը. 2025 թվականին դա համապատասխանաբար 1000 է և 350 (2024 թվականին՝ 1500 և 750): Սանկտ Պետերբուրգում կտրվի ժամանակավոր կացության 200 թույլտվություն՝ 2024 թվականի 300-ի փոխարեն։ Թաթարստանը և Բաշկիրիան, որոնք 2023 թվականին ունեին 500-ական թույլտվություն, իսկ 2024 թվականին՝ 250-ական, 2025 թվականին կստանան միայն 100 թույլտվություն։

Վերջին հինգ տարում քվոտայի չափը տարեցտարի նվազում է. 2023 թվականին ՌԴ նախարարների կաբինետը տվել է 13 500 կացության թույլտվություն, 2022 թվականին՝ մոտ 19 000, 2021 թվականին՝ ավելի քան 39 000: Ինչպես նշված է կից նյութերում, տարածաշրջաններն օգտագործում են սահմանված քվոտայի ընդամենը փոքր մասը. 2024 թվականի յոթ ամսում, ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների, գործածվել է սահմանված թվի միայն 20,4 %-ը։

Քվոտան, այդ թվում  2025 թվականի համար, որոշվում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից ստացված առաջարկների հիման վրա, որոնք պատրաստվում են յուրաքանչյուր տարածաշրջանում միգրացիոն իրավիճակի և տնտեսական դրության վերլուծության արդյունքներով: Կառավարությունը լրացուցիչ սահմանում է քվոտայի պահուստ, որը նույնպես բաշխվում է  Դաշնության սուբյեկտների միջև. 2025 թվականին այդ թիվը կկազմի 1650՝ 2024 թվականի 3178-ի համեմատ:

 




Լրահոս