ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պաշկովը հաստատել է, որ ռուսաստանյան պատվիրակությունը կարող է կասեցնել իր աշխատանքն այդ կառույցում:
Ինչպես տեղեկացրել է Պաշկովը «Ъ»-ին, դա կզրկի ԵԽԽՎ-ին ՌԴ-ում մոնիթորինգ անցկացնելու հնարավորությունից, սակայն չի ազատի Ռուսաստանին իր պարտավորություններից, մասնավորապես` մահվան դատավճռից հրաժարվելուց:
Պետդուման ընդունել է հայտարարություն, որում ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանն իրավասություններից զրկելը համարվել է «դեստրուկտիվ քայլ»:
ԵԽԽՎ նստաշրջանը, որին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթը, կանցկացվի ապրիլի 7-11-ը: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված գրանցվել է արդեն 2 որոշման նախագիծ, կապված ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հետ:
Մեծ Բրիտանիայի և Դանիայի ներկայացուցիչների կողմից Ռուսաստանին լիազորություններից զրկելու վերաբերյալ նախագծերից յուրաքանչյուրի տակ ստորագրել է ավելի քան 50 պատգամավոր: Նման պատիժ Ռուսաստանի դեմ արդեն կիրառվել էր 2000-ին Չեչնիայի դեպքերի հետ կապված, սակայն չէր ընդունվել Վրաստանի հետ ծագած հակամարտության դեպքում: Պաշկովը հայտարարել է, որ եթե ԵԽԽՎ-ն որդեգրի կարծր դիրքորոշում, Ռուսաստանը կարող է ինքը կասեցնել իր անդամակցությունը առնվազն մինչև տարեվերջ: