ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ.Մեհրաբյանը, Ռ.Մաթեւոսյանը եւ Ա.Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք:
ԷԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Հայաստանի տարածքում նոյեմբերի 21-ին` ժամը 15:52-ին, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը armlur.am-ին տեղեկացրել է, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Թույլ ցնցումներ են զգացվել նաեւ մայրաքաղաքում:
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի ու Արցախի նախագահներին կոչ է անում դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ Է
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի գնահատմամբ` Հայաստանում կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է: Որպես դրա ապացույց` պատգամավորը հիշեցնում է երկրի վարչապետի կողմից ՀՀԿ-ի կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը դպրոցում կազմակերպելու փաստը:
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Նոյեմբերի 20-ի գիշերը Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ատրճանակով եւ դանակներով զինված դիմակավոր երեք անձինք ժամը 19:00-ին մուտք են գործել տուն եւ ատրճանակի ու դանակի սպառնալիքով նախ կպչուն ժապավենով կապկպել են տանտիրոջն ու տանտիրուհուն, ապա ծեծի ենթարկել նրանց եւ հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ եւ 1 դույլ նուշ` դիմել են փախուստի: Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀԿ-Ն ԳԻՏԻ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԻ ԱՆՈՒՄ
«Ինչքան էլ տհաճ լինի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համար լսել այդ բանը, սակայն պետք է ասեմ, որ դա նրա հերթական քաղաքական հնարքն է»,-անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին հղած նամակին` ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, թե առանց Հովհաննիսյանի նամակի էլ ՀՀԿ-ն եւ վերջինիս առաջնորդը շատ լավ գիտեն երկրում առկա խնդիրները, եւ եթե իրենք ասում են, որ պետք է ամեն ինչ արվի ժողովրդավարության զարգացման համար, ապա դրանք պարզապես խոսքեր չեն, այլ հստակ ուղղություն, հստակ քայլեր, որոնք ՀՀԿ-ն իրականացնում է: Նամակն ամբողջությամբ կարդացե՛ք 6-րդ էջում:
ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ին ասել է, թե համոզված է, որ հայկական կողմն այլընտրանք չունի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների գնդակից հայ զինծառայողների զոհվելու պարագայում հակառակորդին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով:
ԸՆԿԵԼ Է ՋՐԱՆՑՔԸ
Նոյեմբերի 21-ին` ժամը 17:24-ին, Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ ջրանցքի մոտով զբոսնելիս ջուրն է ընկել 18-ամյա Արթուր Ավոյանը եւ խեղդվել: Նրա ընկերները` 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լեւոն Սաֆարյանը, փորձել են օգնել, սակայն ապարդյուն: Armlur.am-ի տեղեկացմամբ` մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, տեղի ուժերով Արթուր Ավոյանի դին դուրս է բերվել ջրանցքից: Արուսյակ Խաչատրյանը տեղափոխվել է Երեւանի թիվ 3 հիվանդանոց, այնուհետեւ թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: