Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է. դատարանի որոշում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայ մամուլի օրվա առիթով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրաշալի նվեր ստացավ. հաղթեցինք դատարանում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտվեց, քանի որ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին:

Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ:

Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր Հովհաննիսյանից հրապարակավ բացատրություն պահանջեց, եւ, քանի որ չստացանք պատշաճ բացատրություն եւ փաստեր չներկայացվեցին, մտանք դատարան:

Դատարանի միջոցով պահանջել ենք պարտավորեցնել հրապարակայնորեն՝ ԱԺ ամբիոնից, իսկ անհնարինության դեպքում ArmԼur.am լրատվական կայքի միջոցով տեսանկարահանմամբ հերքել արված հայտարարությունը եւ նույն ձեւաչափով ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբագրակազմից: Ի հատուցումն հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի՝ բռնագանձել 4 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:

Իհարկե, դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ է բավարարել մեր պահանջները՝ վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պատկանող ArmԼur.am էլեկտրոնային կայքով հերքումն իրականացնել՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:

Հերքել հետեւյալ կերպ՝ «07.12.2023 թվականին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ամբիոնից արված հայտարարությունը («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երեւույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….») իրականությանը չի համապատասխանում»։

Դատարանը վճռել է նաեւ Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում եւ 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սակայն մենք բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ եւ փոխհատուցել մեզ հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:

Չմոռանանք ասել, որ շնորհակալ ենք «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» փաստաբանական գրասենյակին՝ ի դեմս ղեկավար Գագիկ Խաչիկյանի՝ մամուլի օրը մեզ համար կարեւոր նվեր մատուցելու համար: Ի գո՛րծ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս