Քննչական կոմիտեի նախագահը հանդիսանում է ինքնավար պաշտոն, պաշտոնանկությունը հնարավոր չէ. Արցախի նախկին գլխավոր դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից:

-Պարոն Ներսիսյան, երեկ Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահի ու Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև, քննադատություններ հնչեցին երկուսի հասցեին էլ, հետևե՞լ եք, Դուք ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին, մանավանդ, որ Դուք նույնպես նախկինում իրավապահ համակարգ եք ղեկավարել:

– Գիտե՞ք, իրավապահ այս կամ այն կառույցի ղեկավար լինելը շատ բարդ ու պատասխանատու գործ է, այն էապես տարբերվում է հանրային ծառայության մնացյալ բոլոր ոլորտների ղեկավարման գործից: Դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության՝ մասնավորապես Ոստիկանության ղեկավարներն այդ պաշտոնը ստանձնելուց առաջ գիտակցում են, որ ենթարկվելու են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ քննադատության, պարսավանքի, սպառնալիքների, սկզբունքային ու համառ գործունեության համար թիրախավորվելու են հակադիր խմբերի կամ մարդկանց կողմից, նրանց որոշումները դիտարկվելու են նաև քաղաքական աչքատակով և գիտակցված ընտրում են այդ ճանապարհը:

Հանրային մերօրյա ընկալումների պայմաններում, երբ պետական իշխանության ներկայացուցչի աշխատանքը կարող է գնահատվել ոչ թե ծառայողական լիազորությունների իրականացման որակով ու արդյունավետությամբ, այլ «լավ» կամ «վատ» լինելու որոշակի սուբյեկտիվ կամ խեղաթյուրված բնութագրերով, հաճախ կարող է այդ ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձին անդառնալիորեն հեղինակազրկել: Հետևաբար իրավապահ համակարգի ղեկավարների աշխատանքի հանդեպ գնահատականները միշտ պետք է իրենց արտահայտման ձևով սկզբունքորեն տարբերվեն հատկապես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման ոճից: Հետո, իրավապահ համակարգի ղեկավարները ունեն նաև մեկ այլ առանձնահատկություն, նրանք գիտեն շատ բան, բայց ստիպված են քիչ խոսել, ինչը որոշ նպաստավոր իրավիճակներում պոռթկումների պատճառ կարող է դառնալ:

​- Լուրեր են շրջանառվում, որ երեկվա միջադեպն իրականում սադրվել է դիտմամբ, քանի որ Քննչական կոմիտեի նախագահի նկատմամբ արդեն կանխակալ բացասական վերաբերմունք կար ձևավորված, և այդ ամենն անհրաժեշտ էր վերջինիս պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

– Ես նման ներքին մտադրությունների մասին տեղեկություն չունեմ, թեև այդպիսի լուրեր, կարծեմ, էլի եմ կարդացել լրատվամիջոցներում: Բայց բանը նրանում է, որ Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով: Քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն կոմիտեի նախագահը հանդիսանում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, ով կարող է պաշտոնից ազատվել նույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով: Ընդ որում այդ հիմքերից որևէ մեկը չի նախատեսում քաղաքական հայեցողություն ցուցաբերելու հնարավորություն: Եվ դա տրամաբանական է, քանի որ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ և չի կարող պայմանավորված լինել քաղաքական հայեցողությամբ: Այդ պայմաններում չեմ հասկանում, թե ինչպես պետք է տեղի ունենա Ձեր նշած պաշտոնանկությունը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս