ՀՀ Արդարադատության նախարարությունը չի ընդունել Ավինյանին Կառավարության լիազոր անձ ճանաչելու որոշումը․ Ֆիրդուսի թաղամասի շուրջ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

33-րդ թաղամասը՝ Ֆիրդուսի թաղամասը, նոր ձեռքբերող ունի` «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ–ն, Կառավարությունը լիազորել է Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։

«Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Էլիտ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածք­ն­երում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվու­թյու­նը սահմանող պայմանագիր»,- ասվում է Կառավարության օրակարգային հարցի նախագծում։

Համաձայն Կառավարության որոշման հիմնավորման՝ պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ ձեռքբերող ճանաչելով արդեն «Էլիտ Հոլդինգ» ընկերությանը և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ սեյսմակայուն բնակելի ֆոնդը։

«Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» Կառավարության որոշման  նախագծի փաթեթի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների շարքից հստակ հասկանում ենք, որ Տիգրան Ավինյանին լիազորելու հարցում մեղմ է եղել ՀՀ Ֆինանսների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն ՀՀ Արդարադատության նախարարությունը չի ընդունել այս որոշումը ի գիտություն։

Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը չի համաձայնել, քանի որ պնդել է հստակեցնել, թե ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի 33-րդ թաղամասին հարող կոնկրետ որ տարածքների (հասցեների) մասով է լիազորում Երևանի քաղաքապետին պայմանագիր կնքել «Էլիտ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Հարկ է նշել, որ 2018 թվականին թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, որի հետ պայմանագիրը խզվել է, քանի որ սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:

Էմմա Միքայելյան 




Լրահոս