Ինչ քրեական վարույթով է անցնում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն արգելանքի տակ է վերցրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենաներ:
2023 թվականի օոգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեին պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ, համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ, իր ընկրության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն` որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, և դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։ Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5մլրդ. 700մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում, խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձևավորել են վերադարձման ենթակա 3մլրդ. 868մլն. դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ։ Դրանք հափշտակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ին 02.04.2021-16.11.2022թթ. ընթացքում ներկայացվել են պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու՝ թվով 12 դիմումներ, որոնց հիմքով 12.04.2021-17.11.2022թթ. ընթացքում ընկերությունների բանկային հաշվին փոխանցման արդյունքում խարդախությամբ հափշտակվել է միայն առանձնապես խոշոր չափերի` 406.596.400 ՀՀ դրամը:
Ընկերությունները, վերոգրյալ գործարքներն իրականացնելով, իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն։
Դատելով իրավիճակից՝ հենց այս քրեական գործով են զանգահարել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որին մասին նա հրապարակային բացահայտում արեց Ազգային ժողովում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան