ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին կյանքից զրկված տղամարդու դեպքը սկսվել է գումարի հարցից․ ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը:

Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Ժամը 14.51-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Էջմիածին» բժշկական կենտրոնից. «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:

ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։

«Պարզվել է, որ դեպքի օրը՝ առավոտյան, Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը «Մերսեդես» մակնիշի մեքենայով ուղևորվել է Երևան քաղաք` աշխատանքի։ Որպեսզի ճանապարհածախսը տնտեսի` վերցրել է պատահական երեք քաղաքացիների, որպեսզի տեղափոխի Երևան։ Հասել են Արգավանդ գյուղի վարչական տարածք, որտեղ ուղևորներից մեկի՝ Հրանտ Մնացականյանի և վարորդի միջև ուղեվարձի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևանի ուղղությամբ գտնվող կամուրջի մայթին։ Շարունակվող վիճաբանության ընթացքում Հրանտ Մնացականյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել և վնասվածքներ պատճառել վարորդին, իսկ վարորդը իր մոտ գտնվող դանակով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Հրանտ Մնացականյանին, որը րոպեներ անց մահացել է։ Դեպքի վայրից վարորդն իր «Մերսեդեսով» ուղևորվել է մոտակայքում գտնվող բենզալցակայաններից մեկը, որտեղ նաև աշխատում է որպես լիցքավորող, և վիրակապելով թևը՝ նույն ավտոմեքնայով ուղևորվել է «Էջմիածին» ԲԿ՝ բուժօգնության» – նշեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը։

Պարզվեց նաև, որ Հրանտ Մնացականյանն օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով:

Դեպքի բոլոր հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս