«Չկան հաղթողներ և պարտվողներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրարական ճանաչեց  պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք վիճարկվող դրույթներ, այդ թվում նաև` «պարտադիր» բաղադրիչը:

Այս առթիվ  armlur.am լրատվականը զրուցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, փաստորեն, իշխանությունների այն պնդումները, թե օրենքը վիճահարույց չէ և բխում է հանրության շահերից, ի դերև եղավ: ՍԴ-ն հակասահամանդրական ճանաչեց   վիճարկվող դրույթները:

-Նախ՝ նոր է հրապարակվել օրենքը, մանրամասներին տեղյակ չեմ: Մենք միշտ ասել ենք, որ մենք իրավական պետություն ենք, իսկ դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար: Մենք կուսումնասիրենք Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ այդմ էլ, կիրականացնենք մեր քայլերը:

-Ընդունո՞ւմ եք, որ այս անգամ ժողովուրդը հաղթեց իշխանությանը, պայքարն էլ արդյունք տվեց:

-Կարծում եմ` մենք սխալ ուղու վրա ենք: Ասել՝ ժողովուրդը հաղթեց իշխանությանը, սխալ է, քանի որ իշխանությունը ժողովրդի մի մասն է: Չկան հաղթողներ և պարտվողներ:

-Դուք ասում եք` իշխանությունը ժողովրդի մի մասն է, բայց նույն իշխանությունը պարտադրում էր մի օրենք, որին դեմ էր հասարակության 80 տոկոսը:

-Դրա համար կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, քաղաքացիական ակտիվիստներ, մտահոգ մարդիկ, որոնք, նկատելով որոշակի գործընթացներ, բարձրաձայնում են: Որևէ մեկը չի ասում, որ իշխանություններն անթերի են կամ կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք վիճարկելի չեն:  Դրա համար էլ մեր քաղաքացիական շարժումը կարողացավ պահել իր դեմքը, չլղոզել այն որևէ քաղաքական որևէ թևի մեջ, տարավ որոշակի գործընթացներ:

Իսկ տարանջատել, ասել, որ պարտադրում եք և այլն, ասեմ, որ պետությունն ունի նաև պարտադրելու ֆունկցիա, որը մի շարք դեպքերում կիրառում է: Մենք ասել ենք և ասում ենք` կհետևենք ՍԴ-ի որոշմանը, ինչպիսին այն լինի:

 Սոնա Դավթյան

 




Լրահոս