Դատարանի որոշումը բողոքարկվելու է․ փաստաբանը Ազատ գյուղի ողբերգական դեպքի քրեական գործից մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է փաստաբան Գուրգեն Ներսիսյանի հետ:

– Պարոն Ներսիսյան, 2023թ. հունվարի 19-ին Վարդենիսի շրջանի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ 15 զինվորի կյանք խլած դեպքի առչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ, զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2024 թ. օգոստոսի 23-ի որոշմամբ կալանքից ազատվել էր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել է: Ստացե՞լ եք արդյոք դատարանի որոշումը, ի՞նչ է կատարվում, ինչպես կգնահատեք այդ իրարամերժ որոշումները:

– Դատարանի որոշումը ստացել և ծանոթացել եմ: Հաշվի առնելով դատական համակարգի հանդեպ հարգալից լինելու պարտադիրությունը՝ զերծ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, ես ընդամենը կներկայացնեմ մի քանի փաստ, որի հիման վրա ցանկացած անձ կարող է կարծիք ձևավորել այս հարցի կապակցությամբ իրականացված արդարադատության որակի շուրջ:

Նախ գործը քննող դատարանը Գոռ Աղեկյանին ոչ թե ազատ էր արձակել, այլ կալանք խափանման միջոցը փոխարինել էր անազատության մեջ պահելու հետ կապված՝ տնային կալանք խափանման միջոցով:

Վերջին անգամ Գոռ Աղեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը գործը քննող դատարանը երկարացրել էր մեկ ամսով, այդ որոշման դեմ դատախազությունը բերել էր հատուկ վերանայման բողոք՝ խնդրելով բեկանել այդ որոշումը և Գոռ Աղեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երեք ամիս ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր բողոքը՝ անհիմն համարելով Գոռ Աղեկյանին երեք ամիս ժամկետով հետագա կալանքի տակ պահելու դատախազության պահանջը:

Գոռ Աղեկյանի նկատմամբ եռամսյա տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործը քննող դատարանի որոշումը նույն դատախազության կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որը, չզարմանաք, ի հակառակ նախորդ որոշման, բավարարվել է, և որոշում է կայացվել Գոռ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երեք ամիս ժամկետով կալանքը:

​Հիմա կարող եք ինքնուրույն գնահատել իրավիճակը: Հաճախ են հնչում դատական համակարգի հանդեպ հարգանք ցուցաբերելու, դատական ակտերի հանդեպ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերելու կոչեր, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, անգամ դատական միևնույն ատյանում հարգանք չկա միմյանց դատական ակտերի հանդեպ: Արդարադատությունը հենց այսպես է որակազրկվում, երբ քաղաքացին հասկանում է, որ իր գործի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ուզում են կամ ինչպես տվյալ իրավիճակում նպատակահարմար է: Ցավոք ես զուսպ մարդ եմ և կաշկանդված եմ իմ վստահորդի զսպվածությամբ ու համբերատարությամբ, այլապես կարող էի բարձրաձայնել շատ ավելի լուրջ հարցեր, որոնք անքննարկելի կդարձնեին այս հարցով արդարադատության «անորակությունը»:

Ուզում եմ նաև շեշտել, որ այս գործով վերաքննիչ դատարանը լրիվությամբ անտեսել է ԱՐԴ/0152/01/19 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ դատական ակտը բեկանելու համար անհրաժեշտ են որոշակի ծանրակշիռ փաստեր, որոնք թույլ կտան հավասարակշռել օրինականության և դատավորի անկախության, նրա ինքնուրույնության սկզբունքները: Դուք պատկերացնո՞ւմ եք, վերաքննիչ դատարանը մեկ ամսում քննարկել է մի հարց և բեկանել է մի դատարանի որոշում, ով նույն գործը քննում է գրեթե մեկ տարի և անկասկած ավելի է տիրապետում գործի վիճակին ու մեղադրյալների բնութագրականներին, քան տվյալ գործի մի քանի փաստաթուղթ ուսումնասիրած վերաքննիչ քրեական դատարանի դատավորը:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումը հենց դրա մասին է, որ նման իրավիճակներում դատական ակտը բեկանելու համար վերին դատական ատյանը պետք է ունենա բավականին լուրջ ու ծանրակշիռ փաստեր ու իրավական հիմնավորումներ:

– Պարոն Ներսիսյան, պատրաստվո՞ւմ եք վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկել:

– Անկասկած, դատարանի որոշումը բողոքարկվելու է, և եթե այս գործով կա արդարադատություն իրականացնելու չնչին անգամ ձգտում, ապա կարծում եմ վճռաբեկ դատարանը պետք է այն քննի ու պատասխանի պաշտպանության կողմի բարձրացրած հարցերին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս