ԱՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարում է, որ սին են այն մեղադրանքները, թե ՀՀ ինքնիշխան տարածքից հողեր են հանձնվել։

 

Նրա պնդմամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցիները մի քանի հատվածներում առաջ են եկել։

Դիտարկմանը, թե առաջ են եկել ու մինչ օրս հետ չեն քաշվում: Հովիկ Աղազարյանը նշում է. «Մի տասը տարի էլ ադրբեջանցիները կարող են մնալ, կարող է իշխանություն փոխվել այդ ընթացքում, 20 տարի էլ կարող է մնան, բայց անպայման հետ են գնալու»։

-Պարո՛ն Աղազարյան, զրույցը սկսենք վերջին օրերին ամենաքննարկվող թեմայից. ինչո՞ւ չեք կարողանում արդարադատության նախարար գտնել: Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդեն տեւական ժամանակ է՝ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում: Հիմնական թեկնածուն Արփի Դավոյանն էր, որին վարչությունը մերժեց, եւ չի հաջողվում նոր թեկնածու գտնել: Ո՞րն է պատճառը: Համապատասխան թեկնածու չկա՞, Նիկոլ Փաշինյանը չի՞ համաձայնում:

-Չեմ կարծում, որ պարոն Մինասյանի հրաժարականից հետո երկար ժամանակ է անցել: Երկրորդ, այս գործընթացը ցույց տվեց նաեւ, որ մենք ամենապատասխանատու դիրքերում անգամ կադրերի պակաս չունենք: Արդեն ակնհայտ է դառնում, որ քննարկումը ազատ է եւ կադրի խնդիր չկա, քննարկվում են բազմաթիվ անուններ, սակայն քանի որ պաշտոնը շատ պատասխանատու է եւ կարեւոր, ապա վարչությունը շատ մանրակրկիտ եւ ուշադիր է մոտենում այդ հարցին  եւ հետաձգվում է մի փոքր: Կարծում եմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այդ հարցը կլուծվի:

-Արփի Դավոյանի թեկնածության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ նույնիսկ հանրության շրջանում: Շատ էր քննարկվում հատկապես այն, որ նա իրավաբանական ոլորտի համապատասխան կրթություն չունի: Նշվում էր, որ իր թեկնածությունը առաջ էր քաշվել զուտ այն բանի համար, որ իշխող կուսակցության անդամ է պարզապես: Ի՞նչ կատարվեց ի վերջո, քանի որ տպավորություն էր, որ կուսակցության ներսում իր թեկնածության շուրջ կոնսենսուս կա: Բայց, ի վերջո, վարչությունը մեր-եց, եւ հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը՝ այդ նիստը բավականին թեժ է անցել ու Արփի Դավոյանին բավականին կոպիտ հարցեր են տվել:

-Վարչությունը եթե համաձայնության եկած լիներ, ապա չէր մերժի: Վարչությունը քննարկել է եւ նպատակահարմար չի գտել տիկին Դավոյանի թեկնածությունը: Կուսակցության լայն շրջանակներում իրեն ճանաչողները գիտեն, որ նման բեռ կարող է վերցնել իր վրա, դրա համար էլ տպավորություն էր, որ կա կոնսենսուս: Ինչ վերաբերում է իրավաբանական կրթությանը, ապա վերջերս է դարձել իրավաբանության մագիստրոս, մի քանի տարի է ինչ աշխատում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչը հսկայական փորձ է: Նա շատ լավ տիրապետում է ոլորտին եւ կուսակցության շրջանակում բացարձակ հարգանք է վայելում, սակայն վարչությունը այս պահին նման թեկնածությունը հարմար չի գտել: Այս երկուսը միմյանց հետ հակասության մեջ չեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ «ՄԱՏԵՐԻԱԼ» ՉԷ»

2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է ժամ առաջ վերջ դնել: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, այն ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին եւ ընդհանրապես տրամաբանությանը»:

 

Սակայն, իրականում, սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց եւ ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձեւ են նաեւ հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ. շինթույլտվության տուրքերը թանկացել են 10 անգամ:

Այսուհետ հարկվում է բնակարանի վարձակալությունը՝ 10 տոկոսով:

Փողոցային երաժիշտները այսուհետ պետք է մինչեւ երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի եւ հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 21:00-ից հետո՝ 100 մետր հեռավորության վրա։ Կարգը խախտելու համար սահմանվել է մինչեւ 800 հազար դրամ տուգանք։

Ծխելու դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանված:

Տուգանք է սահմանված հանրային սննդի վայրերում, ռեստորաններում աղաման դնելու համար, եթե այն հաճախորդը չի պահանջել։

Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրացվել են։ Այժմ այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Գույքահարկ է վճարում անգամ վթարային շենքի բնակիչը։

Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ Երեւանի կենտրոնում կարմիր գծերի 12 հազար դրամ տարեկան վճարը դարձել է 160 հազար դրամ։ Նշվում է, թե խնդիրը կենտրոնում մեքենաների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելն է եղել, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մյուս վարչական շրջաններում նույնպես վճար մտցվում։

Կրկնակի տուգանքի համակարգ է ներդրվել. եթե նախկինում վարորդները տուգանվում էին երթեւեկության խախտումների համար, այժմ ե՛ւ տուգանվում են, ե՛ւ զրկվում են բալերից:

Երեւանում փողոցային առեւտրի համար սահմանված է տուգանք՝ «գույքի խլմամբ»:

Ոստիկանությունը բջջային հավելված է թողարկել՝ քաղաքացիներին կոչ անելով նկարել իրենց հանդիպած դեպքերը (որոնք կհամարեն խախտում) եւ ուղարկել ոստիկանությանը՝ տուգանելու համար:

Ընդհանուր օգտագործման ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացել է:

Տուգանք է սահմանված ձմերուկը կտրտած վաճառելու համար:

Մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք է նշանակվել 200 հազար դրամի չափով:

Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։

Այս ամենին հավելենք 2022 թվականի նոյեմբերի 6-ի միջադեպը, երբ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ինքնահրկիզվել էր։

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 




Լրահոս