Նիկոլը ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ որոշակի «պարզաբանումներ» է տվել, որոնք ոչ միայն հակասում են իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլեւ ակնհայտ կեղծիք են պարունակում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
«Հայաստանի կառավարիչը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որոնցով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլեւ ակնհայտ կեղծիք պարունակող ձեւակերպումներ է անում:
Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հանկարծ «հիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձեւակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:
Բայց այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիթորինգ անող է ներկայացված:
Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ոչ թե մոնիթորինգ է սահմանված, այլ որպես ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈՒՆ:
Արդյոք Փաշինյանը չգիտի՞ մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գնում:
Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաեւ մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաեւ իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման եւ անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:
Այստեղ նաեւ ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպես են խոսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձությունը Պապ թագավորի ժամանակ է եղել:
Երկրորդ, ցանկացած հիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջեւ անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:
Իսկ թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին, դա ոչ պակաս կարեւոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ», – ամփոփել է պատգամավորը:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ա. ԹԱԹՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում օրերս մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով:
Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում եւ Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետեւյալ հիմնական թեմաները՝
- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների եւ գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
- Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը եւ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
- Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները:
- Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի եւ թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
- Նշված եւ մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաեւ կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:
Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:
Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ: