ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի եւ գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։

 

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թեւեր. տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի եւ աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին.

«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել եւ պեղել է եկեղեցու առանձին մասերը եւ ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»:

Համալսարանի հոդվածը հղում է անում նաեւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ Զարդարյանին.«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արեւելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։

Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական համալիրներին։ Խաչաձեւ տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաեւ փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ եւ հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։

Գերմանա-հայկական թիմը «Արտաքսատա» նախագծով» (AGAP) Հայաստանում է սեպտեմբերից։ Մյունսթերի համալսարանը, որի հնագետներն ընդգրկված են այս նախագծում, տեղեկացնում է՝ խումբը կշարունակի պեղումները եւ հույս ունի նոր գտածոների մասին եւս փաստել, նաեւ պարզել՝ ում է նվիրված եղել այս եկեղեցին։

Հոդվածում ներկայացվում է.

«Արտաքսատան (Արտաշատ) Հայաստանում այն տարածքում է, որտեղ, ըստ ավանդության, բանտարկության մեջ է պահվել Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան մեր թվարկության 301 թվականին հայոց Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Նոր հայտնաբերված եկեղեցուց շատ փոքր հեռավորության վրա է միջնադարյան Խոր Վիրապ վանքը, որը հիշեցնում է այդ ավանդույթը»։

Հայ-գերմանական հետազոտական խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական  Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական հիմնադրամը եւ ՀՀ ԳԱԱ-ն։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՆԱԽԱԳԻԾԸ

Երեւանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով նախագիծը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-26-ը։ «Ընդհանուր լեզու գտնել» նախագիծն իրականացնում գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00 Երեւանի Փոքր թատրոնում կկայանա ներկայացման պրեմիերա, որը ստեղծել են 30 երիտասարդներ Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ռուսաստանից: 10 օրվա ընթացքում նրանք աշխատել են միջազգային պարուսույցների եւ երաժիշտների հետ՝ գտնելու ընդհանուր լեզու, որը գերազանցում է մշակույթի, ծագման, լեզվի, սեռի եւ հաշմանդամության տարբերությունները:

Կատարողների միջազգային թիմում են Ուփսալայի կրկեսի տնօրեն Լարիսա Աֆանասեւան, Dobranoch խմբի երաժիշտ Իլյա Գինդինը, Drum Theatre նվագախմբի հիմնադիր Դենիս Վեդմեցկին, դուդուկահար Արտակ Խաչատրյանը, մուլտի ինստրումենտալիստ եւ կոմպոզիտոր Դիմիտրի Լեկվեիշվիլին, պարուսույց եւ մոդել Ալիկա Պաեսկեն, պարուհի, Ժամանակակից խորեոգրաֆիայի լաբորատորիայի հիմնադիր Հասմիկ Թանգյանը։

Բացի այդ, կանցկացվի «Դեպի հավասարություն. մշակույթը եւ կրթությունը երկխոսության մեջ» քննարկման նախագիծ, որը նպատակ ունի հաղթահարել հասանելիության մարտահրավերները Հայաստանի մշակութային եւ կրթական ոլորտներում՝ երկխոսության եւ Գերմանիայի եւ Հայաստանի փորձագետների միջեւ փորձի փոխանակման միջոցով:

Այն կկայանա հոկտեմբերի 25-ին։ Թեման է՝ մշակույթի եւ կրթության մեջ մատչելիությունը եւ ներառականությունը։ Միջոցառմանը մասնակիցները կծանոթանան Գերմանիայի լավագույն փորձի օրինակներին, կմասնակցեն հայտնի փորձագետների հետ քննարկումներին եւ լուծումներ կմշակեն իրենց կազմակերպության համար:

Քննարկումը կվարեն փորձագետներ դոկտոր Քրիստիանե Շրյուբերսը, որը թանգարանային ոլորտի փորձագետ է եւ մշակութային հաստատություններում եւ թանգարաններում ներառման եւ մատչելիության հարցերով խորհրդատու է, եւ դոկտոր Քեյթ Բրեհմենը՝ համադրող եւ արվեստի մանկավարժ:

 

 




Լրահոս