ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի  ունեցել է նաեւ մասնակից Հայաստանից՝ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։ 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐՑ. Եթե բուհում քննությունս անարդարացիորեն անբավարար են գնահատել. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Լիլիթ Ավետիսյան (20 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչ բողոքարկելը անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ավարտական քննության ընթացքը ձայնագրվում էր, թե ոչ։ Եթե այն ձայնագրվում էր, ապա Դուք իրավունք ունեք դիմել եւ ստանալ ավարտական քննության Ձեր պատասխանի ձայնագրությունը եւ ուսումնասիրել, թե որքանով է համապատասխանում տրված գնահատականը Ձեր պատասխանին։ Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը, ստանալով Ձեր գրավոր բողոքը, պարտավոր է դրա հիման վրա պետական քննությունն ընդունող հանձնաժողովում քննել այն եւ դրա վերաբերյալ կայացնել համապատասխան որոշում՝ բավարարելով կամ մերժելով այն։ Բավարարվելու դեպքում ռեկտորը հանձնաժողովի համաձայնությամբ իրավունք ունի փոփոխելու կայացված որոշումը կամ նշանակելու նոր քննության օր։ Ձեր բողոքը մերժվելու դեպքում այն կարող եք բողոքարկել ինչպես ըստ վերադասության, այնպես էլ դատարան։

ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է, որն ունի մի շարք իրավունքներ եւ պարտականություններ: Այդ իրավունքների թվին է դասվում սովորողի՝ բողոքարկման իրավունքը։ Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության կայացրած որոշումները, հրամաններն ու կարգադրությունները։ Բողոքարկումը կատարվում է գրավոր ձեւով՝ բողոքն հասցեագրելով բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորին։ Բողոքն իր մեջ պետք է պարունակի Ձեր բոլոր առարկություններն ու դիտարկումները՝ կապված ավարտական քննության ժամանակ Ձեր պատասխանի հետ։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Վարձը չմուծելու համար անջատել են լույսը` հաշվի չառնելով, որ տանն անչափահաս երեխա կա։ Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել։

Ռաիսա Հարությունյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքերը սահմանված են Ձեզ հետ կնքված պայմանագրով, մի շարք այլ իրավական ակտերով։ Մատակարարն իրավունք ունի դադարեցնելու Ձեր տան էլեկտրամատակարարումը, եթե արդեն իսկ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով եւ պայմանագրով սահմանված ժամկետներում եւ կարգով վճարումներ չեն կատարվել բաժանորդի կողմից, ընդ որում՝ վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել Ձեր էլեկտրամատակարարումը առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձեւերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում եւ այլն) զգուշացնելուց հետո։ Պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի Ձեր տան էլեկտրամատակարարումը, եթե Դուք ներկայացրել եք մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել եք պարտքի մարման ժամանակացույց։ Դուք կարող եք ներկայանալ տարածքային սպասարկման գրասենյակ, հայտնել չվճարման պատճառները եւ խնդրել՝ կնքելու վճարման ժամանակացույց, որով հնարավորություն կստանաք մաս առ մաս կատարելու կուտակված պարտքի վճարումները։ Պետք է  նկատի ունենալ, որ պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում էլեկտրամա­տակա­րարումը կրկին կարող է դադարեցվել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն դեպքում, երբ Ձեր կողմից պարտքը մարելու մասին վճարման անդորրագիրը մատակարարին ներկայացնելուց հետո վերջինս վերոնշյալ ժամկետներում չի վերականգնել էլեկտրամատակարարումը, ապա դա կդիտվի խախտում մատակարարի կողմից:

 




Լրահոս