ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ. ՎԵՐՋԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ՝ երեկոյան՝ սկանդալից հետո, Արփի Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի վարքը քննարկելուն եւ պաշտոնանկության հարցը բարձրացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միեւնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում: Անդրանիկ Քոչարյանը համարում է, թե Արգիշտի Քյարամյանը տապալել է ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին նախաձեռնած իր լսումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մինասյանից եւ Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ:

Թորոսյանը, օգտվելով իրավիճակից, բարձրացրել է գլխավոր դատախազի դեմ ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտության հարցը:

 

 

 

 

Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները

 

ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում անխուսափելիորեն պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին: Հարցը, ինչ խոսք, իսկապես հրատապ է, բայց պակաս կարեւոր չէ, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինչ որոշում կկայացնի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Աղազարյանին կաշառք փոխանցելու պայմանավորվածության մասով ՀՀ քաղաքացի Աշոտի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ենթադրյալ կաշառք վերցնող պատգամավոր Աղազարյանն անպատիժ է: Տարբեր ամբիոններից արդարության, արդարադատության եւ պրոֆեսիոնալիզմի մասին ելույթներ ունեցող Աննա Վարդապետյանը հապաղում է իշխող խմբակցության պատգամավորին մեղադրյալի աթոռին նստեցնելուց՝ մինչդեռ իրավաբանական նվազագույն գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք պնդում է, որ Աղազարյանը ախուսափելիորեն պետք է մեղադրյալ դառնա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ կաշկանդվածություն ունի, ինչու Աղազարյանին մեղադրանք առաջադրելու համար չի դիմում գլխավոր դատախազին: Խաչատրյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից թե՝ դուք շատ տեղեկացված չեք գործից: Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու եք հովանավորում ՔՊ պատգամավորին, ասաց, թե հարցազրույց չի տալիս: Մինչդեռ մենք մանրամասները ներկայացրել էինք երեկվա համարում:

Այս իրավիճակում տեղին է հիշեցնել, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ այս պահին մեղադրյալի կարգավիճակում են.

  1. Սեյրան Օհանյան
  2. Լեւոն Քոչարյան
  3. Մհեր Սահակյան
  4. Արմեն Գեւորգյան
  5. Արթուր Սարգսյան

Թվարկված ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքի հարցում դատախազ Աննա Վարդապետյանը սկզբունքայնություն է ցուցաբերում, իսկ իշխող խմբակցության պատգամավորների մասով կաշկանդվում է:

Հիշենք իշխող խմբակցության պատգամավորների դեպքերից թեկուզ մի քանիսը՝

Հովիկ Աղազարյան՝ կաշառքի սկանդալ, երեկ բացահայտվեց նաեւ, որ որդու մասով քրգործ կա, որով էլ փորձել են ճնշել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին,

Արթուր Հովհաննիսյան՝ ականջ ու լեզու կտրելու սպառնալիք, կարճված՝ թմրանյութերի օգտագործման դեպք,

Ալեն Սիմոնյան՝ քաղաքացու դեմքին թքելու հայտնի միջադեպը:

 

 

 

 

Տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում չկա մաքսակետ, ոստիկանության բաժին, դիահերձարան, դատարան, կադաստրի կոմիտեի գրասենյակ: Պետական համակարգի աշխատակիցները շտապեցին հերքել այդ լուրերը։ Ամիսներ հետո «ճարահատյալ» սկսեցին կառավարության կողմից միլիոնավոր դրամների հատկացումները դիահերձարանի եւ մաքսատան կառուցման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացավ, որ այս տարի Մեղրու դիահերձարանի շենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար առողջապահության նախարարությունը հատկացրել է 22 մլն 500 հազար դրամ։

Մեղրու տարածաշրջանում շուրջ 2 տարի է դիահերձարան չի գործում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ հրդեհ է բռնկվել եւ դրանից հետո այլեւս չի վերանորոգվել: Բնակիչները ստիպված դիակը տեղափոխում են Կապան՝ դիահերձում իրականացնելու համար, իսկ եթե նկատի ունենանք, որ ձմեռը Մեղրի-Կապան ճանապարհը կարող է անանցանելի լինել, հասկանալի է, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվում բնակիչները, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամին, բարեկամին: Նման իրավիճակ չի եղել անհիշելի ժամանակներից:

Բնակիչները բազմաթիվ անգամ դժգոհել են ստեղծված իրավիճակից եւ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը Մեղրու տարածք այցի ժամանակ այդ բողոքները «խլացնելու» համար հրահանգել է դիակները շտապօգնության ավտոմեքենայով անվճար տեղափոխել Կապան:

Մենք ուսումնասիրեցինք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի «Հրապարակային Օֆերտա» դարանը, որտեղ տեղադրված են պետական պատվերի ծառայությունների գները: Շտապ օգնության ծառայությունները չեն ենթադրում «Դիակի տեղափոխում»:

Ստացվում է, որ, ըստ իրավիճակի, նախարարը հանձնարարել է իրականացնել դիակի տեղափոխում Կապան եւ շտապօգնության մեքենայի վերադարձ, սակայն սույն ծառայության համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ չի իրականացրել: Որպես օրինակ՝ ներկայացնենք, որ Երեւան քաղաքում դիակի տեղափոխումը վճարովի է: Մեղրի-Կապան հեռավորությունը շուրջ 80 կմ է եւ անցնում է լեռնանցքով:

Հարկ է նշել, որ Մեղրու մաքսատան համար էլ հատկացվել են 21 մլն եվրո վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։

Կարճ ասած՝ «տկար կառավարում»:

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բազմաթիվ անգամներ է  արտահայտել իր «խոր անհամաձայնությունը» ՀՀ սահմանադրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրի եւ ՀՀ սահմանադրության բովանդակությունները նույնական չեն, եւ Մայր օրենքի մեջ արտահայտված են Անկախության հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ: Այսպիսով՝ թերեւս Հայաստանի վարչապետը ակնարկեց ՀՀ Անկախության հռչակագրի խմբագրման կամ փոփոխության իր մտադրության մասին։

Նախ, ընդգծենք, որ ՀՀ սահմանադրության  203-րդ հոդվածի համաձայն՝  սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագիրը, փոփոխման ենթակա չէ։ ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը առաջինն էր ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին  հայտնել, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, որովհետեւ Անկախության հռչակագրի կարգավիճակը լրիվ այլ է.  այն վերիրավական փաստաթուղթ է, այն պետության հիմնադիր փաստաթուղթ է, պետության հիմքերի մասին է։ Անգամ եթե պետություններ ոչնչանան, ապա Հռչակագիրը կարող է հիմք ծառայել հետագայում նոր պետության ստեղծման համար»:

Հավանաբար հենց այս պատճառով էլ, հայրենի իշխանությունները լծվել են ոչ թե ՀՀ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործին, այլ այն ամբողջությամբ փոխելուն։

Սա, ի դեպ, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գլխավոր պայմանն է։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իր հերթին առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարության նախագիծ, որով անընդունելի  է համարում ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները նսեմացնող ցանկացած փորձ։

Հայտարարության նախագծով դատապարտվում են Հայաստանի անկախության հռչակագիրը ստորադասելու գործողությունները։ Նախագծում նաեւ սահմանվում է՝ «Հայաստանի անկախության հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատվում են որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Մինչ ԱԺ օրակարգ կմտնի հայտարարության նախագիծը՝  «Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 17-ին լսումներ է կազմակերպել հայտարարության նախագծի վերաբերյալ, որին մասնակցելու են պատգամավորներ, իրավաբաններ, սահմանադրագետներ եւ այլ փորձագետներ:

«Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ՔՊ-ից որեւէ արձագանք չկա, չգիտեն՝ մասնակցելո՞ւ են լսումներին, թե՞ ոչ:




Լրահոս