Հայտնի է, որ նոյեմբերի 1-ից Երեւան քաղաքում անցում է կատարվելու միասնական տրանսպորտային համակարգի, եւ վճարումներն արվելու են անկանխիկ՝ QR կոդերի միջոցով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը խոսել է տրանսպորտի թանկացումների մասին։
-Տիկի՛ն Աբգարյան, գիտենք, որ արդեն հունվարից տրանսպորտի թանկացման նոր նախագիծը ուժի մեջ է մտնելու: Երբ նախագիծը շրջանառվեց, Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք դուրս են գալու փողոց եւ փողոցային պայքար են սկսելու նախագիծը չեղարկելու համար, այդ թվում՝ նաեւ Հայկ Մարությանը: Նախագծի շրջանառության մեջ մտնելուն հաշված օրեր են մնացել, ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք դուրս գալո՞ւ եք փողոց:
-Նախ եւ առաջ, երբ այդ հայտարարությունն արվեց, թանկացումն ուժի մեջ պիտի մտներ սեպտեմբերի 1-ից: Այո՛, մենք պատրաստ էինք, որ սեպտեմբերի 1-ին լինեինք փողոցում, սակայն պիտի հասկանանք, որ միայն մեզնով չէ: Ամեն բան կախված է երեւանցիներից: Մենք այսօր էլ հայտարարում ենք, որ երեւանցիները, եթե չեն ցանկանում համակերպվել, ապա մենք իրենց կողքին կլինենք՝ փողոցում, թե դահլիճում: Մարդկանց ստիպում են օգտվել նոր համակարգից, սակայն վճարման քաղաքակիրթ միջոցներ դեռեւս չեն ապահովել՝ քարտեր, «Էն Էֆ Սի» եւ այլն: Մարդկանց չեն ապահովել տարրական վճարման միջոցներով, սակայն ստիպում են անցում կատարել այդ համակարգին: Ինչո՞ւ, հայտնի չէ:
Բացի դրանից, եկեք փաստենք, որ խախտվում է արդարությունը եւ անհավասարություն է առաջանում մետրոյով եւ վերգետնյա տրանսպորտով երթեւեկողների միջեւ: Եթե վերգետնյա տրանսպորտի դեպքում քեզ թույլատրում են ամեն դեպքում դրամով վճարել, ապա մետրոյի դեպքում ինչո՞ւ են ստիպում, որ բոլորը QR կոդով վճարեն: Հենց այստեղ էլ տեսնում ենք՝ չկա մոտեցում, որը ընդունելի կլինի բոլորի դեպքում եւ քաղաքացիները հավասար դիրքերում կգտնվեն:
-Տիկի՛ն Աբգարյան, կարծես թե իրազեկումն էլ նորմալ կերպով չի իրականացվել: Ստացվել է այնպես, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր սոցիալական ցանցերում ներկայություն չունեն, ապա տեղյակ չեն, որ պետք է միայն 100 դրամանոց մանրադրամով վճարում կատարեն:
-Եկեք հիշենք, որ դա սկիզբ առավ Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու շրջանում: Այդ ընթացքում ամրագրվեց միայն 100 դրամանոց մանրադրամով վճարման համակարգը, որի շնորհիվ ստվերն ամբողջությամբ վերացվել էր: Հենց այս իշխանությունն է, որ, Հայկ Մարությանին հեռացնելուց հետո, վերադարձրեց ստվերը եւ, ենթադրաբար, բոլ-բոլ օգտվեց այդ ամենից, իսկ հիմա նորից հանում են:
Իրազեկվածության խնդիր, այո՛, կա: Ինձ մինչեւ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե որքան է դառնալու երթեւեկության համար վճարվելիք գումարը հունվարի 1-ից հետո: Մեր քաղաքացիներից շատերը հունվարի 1-ից հետո անակնկալի են գալու:
-Իսկ ինչպիսի՞նն են փաթեթները:
-Փաթեթները քվեարկվել են բազմաթիվ փորձերից հետո, եւ գինը մի փոքր իջել է, ու քարտերը դարձել են անսահմանափակ:
-Նշում եք, որ եթե երեւանցիները դուրս գան փողոց, ապա դուք կմիանաք նրանց: Արդյոք հենց դո՞ւք չեք, որ պիտի համախմբեք նրանց:
-Մենք արդեն նշել ենք, որ պատրաստ ենք պայքարի, բայց, այո՛, այս հարցում շատերը պիտի իրենց խոսքն ասեն, քաղհասարակությունը՝ հատկապես:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀՀ-ՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԱՃԸ ՀԱՏԵԼ Է 30 %-Ի ՇԵՄԸ
«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավելի լինելու մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տված խոստումներին: Բայց, իրականում, կան սննդամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը:
Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ (այդ ժամանակվա) նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտաարել էր. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։ Նիկոլ Փաշինյանի այս խոստումը եւս, ի թիվս այլ բարձրաձայնումների, իրականություն չի դարձել: ՀՀ պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների քառանիշ դասակարգմամբ ապրանքախմբերի գների կուտակային աճը վերլուծելով՝ 2017 թ. բազային տարի ընդունելով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-2023 թթ. 22 ապրանքախմբերի գծով գնաճը գերազանցել է 30 տոկոսը:
Խոսենք օրինակներով.
բանջարեղենի գինը 2018-ից մինչ 2023 թվականը աճել է 42.1 տոկոսով,
ձկնեղենի եւ ծովամթերքի գները 2018-ից մինչ 2023 թվականը աճել են 34.3 տոկոսով,
հացաբուլկեղենի եւ ձավարեղենի արժեքները նույն ժամանակահատվածում աճել են 32 տոկոսով,
մսինը՝ 31,9 տոկոսով,
կաթնամթերքի, պանրի, ձվի արժեքները՝ 29.4 տոկոսով,
մրգերինը՝ 28.1 տոկոսով,
յուղերի եւ ճարպերի գները՝ 25.3 տոկոսով,
սուրճի, թեյի, կակաոյի արժեքները բարձրացել են 18.1 տոկոսով,
շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի գները՝ 13.2 տոկոսով:
Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք ի ցույց են դնում, որ Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է: