ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ԿԵՂԾ ԹԵԶԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ եւ տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի եւ Ամարասի վանական համալիրներում, նշել է Monument Watch-ը:

 

«Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզը, իհարկե, նոր չէ եւ հնչեցվում է վերջին չորս տարիներին եւ անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում: Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը եւ հատկապես Գանձասարը եւ Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց եւ վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց դրանց:

Գանձասարի եւ Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի եւ Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից եւ այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու եւ գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգեւոր, տնտեսական իրողությունների մասին եւ դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են եւ բերվել են Հայաստանից եւ մասնավորապես՝ Էջմիածնից ու վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին եւ որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը եւ ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում եւ 19-րդ դարում արված, որտեղ երեւում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում եւ խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը եւս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված, եւ փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է…

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով «փայլատակում» է Հուսեյնովը՝ Դադիվանքն է: Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները եւ բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի»:

Monument Watch

 

 

«ԲԱԼԵՏ ՓԱՐԱՋԱՆՈՎ». ԽՈՐԵՈԳՐԱՖԻԿ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը:

Ներկայացմանը հետեւել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը եւ Ալֆրեդ Քոչարյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին եւ շնորհավորել կարեւոր իրադարձության առիթով՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին գեղեցիկ համագործակցությամբ Փարաջանովի հոբելյանն արժեւորելու համար։

«Փարաջանովը սահմաններ ու արգելքներ չէր ճանաչում. նա սիրում էր համախմբել, միավորել թե՛ մարդկանց, թե՛ մշակույթներն ու արվեստի տարբեր ճյուղերը։ Եվ այսօր մենք էլ, փարաջանովյան ոգով ներշնչված, միավորել ենք տարբեր մշակույթներ՝ հասկանալու, թե նոր սերունդն ինչպես է յուրացնում նրա ժառանգությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը։

Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների եւ հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը։

 

 

 

7-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ

Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։

Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաեւ մասնակից Հայաստանից՝ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։

7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։

 




Լրահոս