ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐԻՆ ԷԼ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանային զորամասերում մեկ օրվա տարբերությամբ երկու  ժամկետային զինծառայող է մահացել: Նոյեմբերի 19-ին` առավոտյան ժամը  08:40-ին, զոհվել է Արեն Սիմոնյանը, իսկ նոյեմբերի 20-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Միհրան Մարգարյանը: Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության` երկու զինծառայողներն էլ զոհվել են ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը զոհվել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հակառակորդի կողմից արձակված գնդակից: Միհրանը մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած  հրազենային  վերքից:
Մեր տեղեկություններով` 19-ամյա ժամկետային զինծառայողը Գյումրու  Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ է: Միհրանի ընտանիքին ճանաչողները նշում են, որ նրանք սոցիալապես ապահով են: Մենք փորձեցինք զրուցել մահացած զինծառայողի ընտանիքի անդամների հետ, սակայն վերջիններս շատ «բորբոքված» էին եւ հրաժարվեցին որեւէ խոսք ասել: Իսկ նրանց հարեւանները պատմեցին, որ Միհրանը տան մեծ երեխան է, ունի մեկ քույր, սովորում էր Եվրոպական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Միհրանը տարկետում էր վերցրել, բանակից գալուց հետո պետք է շարունակեր իր ուսումը: Նրա տատիկն ու հայրն աշխատում են Գյումրու սեյսմիկ ծառայությունում, իսկ մայրը վարսահարդար է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարեւանները միաբերան նշում էին, որ Միհրանը շատ խելոք, խելացի տղա էր. «Իր խելքով է ընդունվել ակադեմիա, շատ լավ էր սովորում»: Նրանք ասացին, որ իրենց տեղեկություններով` այդ օրվա կրակոցից շատ զինվորներ են վիրավորվել. «Ասում են` մի 14 հոգի կա, ուղղակի չեն ուզում ասեն»:
Իսկ արդեն նոյեմբերի 19-ին մահացած Արեն Սիմոնյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ է մահացել: Ժամկետային զինծառայող Արենը եւս զոհվել է ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից: Նա Վանաձոր քաղաքից է, բանակ է զորակոչվել 2010 թվականի աշնանային զորակոչին:
Այս երկու սպանությունների հետ կապված` երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համար պատասխանը լինելու է անհամաչափ, այդ թվում եւ կապված ադրբեջանցի դիպուկահարների կողմից երկու հայ զինծառայողի սպանության հետ. «Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետեւանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»:
Իսկ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտնում է, որ առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլեւ նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ սպանությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս