ՀՀ գյուղնախարարի «աղոթած» կամ «անիծած» աթոռն այս անգամ բաժին ընկավ նորացված ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին: Մարդու, որի կենսագրությունն ու գործերը երբևէ չեն առնչվել հասարակական-քաղաքական բնագավառներին: Թե ՕԵԿ-ը որտեղից է պեղել ու հայտնաբերել այս «հազվագյուտ նմուշը», դժվար է ասել, թեև չար լեզուները պնդում են, որ «Օրինաց երկրում» թուլություն ունեն նախարարի պորտֆելներ հանձնելու հատկապես Սերգոներին, թեկուզ` առանց ջանի: Ամեն դեպքում, նախկին ցեխավիկը ՕԵԿ-ի անմիջական ջանքերով, բայց ոչ պատահմամբ, «գրավեց» գյուղնախարարի աթոռը:
Եթե խորհրդային տարիներին «մինիստր»-ը համարվում էր ազդեցիկ պաշտոնյա, և մարդիկ նրան պատկառանքով էին վերաբերվում, որովհետև նա մի ամբողջ կյանքի դպրոց էր անցած լինում, ունենում էր անբասիր ու անաղարտ կենսագրություն, ապա դժվար չէ պնդել, որ այսօր բարձր պաշտոնների կարող են հավակնել ամենացածր ինտելեկտի տեր, հեղինակություն չվայելող, հիմնականում տխրահռչակ, աղքատիկ, ոչինչ չասող կենսագրություն ունեցող մարդիկ: Ուսումնասիրեցինք նաև մեզ «բոյկոտ հայտարարած» «Արտֆուդ»-ի Սերգոյի կենսագրությունը:
Չնայած, ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար պետք է փաստենք, որ Սերգո Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը, որը սկսվել է սեզոնային բանվոր աշխատելուց, խորհրդային տարիներին լավ հիմք կարող էր լինել «պարտիական», այսինքն` կոմունիստ դառնալու համար: Բայց քանի որ մենք անկախ Հայաստանում ենք, Սերգո Կարապետյանը նախընտրել է «Օրինաց երկիրը»: Մենք չգիտենք` նա պարտիական դարձել է, թե՝ ոչ, քանի որ նրա կենսագրականում նշված չէ, սակայն գաղտնիք չէ, որ շատ շատերն են իրենց կենսագրական տվյալներից ջնջել այդ «ամոթալի» էջը:
Ինչևէ, Սերգո Կարապետյանը ծնվել է 1948թ. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 3 տասնամյակ ապրելով` գիտակցել է, որ պետք է, այնուամենայնիվ, որևէ դիպլոմ ունենալ: Ու ահա 31 տարեկանում ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ: Թե ինչպես են սովորաբար այդ տարիքի ուսանողներն ընդունվում և ավարտում Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, կարող է փաստել յուրաքանչյուր ուսանող (թեկուզ ոչ այդ բուհից): Բայց շարունակենք ներկայացնել մեր փառապանծ նախարարի կենսագրությունը` փաստելով, որ նրա պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրական տվյալներից հասկանալի չէ, թե ինչ մասնագիտություն ունի Սերգո Կարապետյանը: Կրթությունը` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ: Վերջ:
Տեղեկացնենք, որ Ս. Կարապետյանը 1965-1972թթ. եղել է սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ` առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ: Բանվորից մինչև գլխավոր էլեկտրիկի կարգավիճակի հասած այսօրվա «մինիստրը» 1972-1986թթ. եղել է Արտաշատի «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները, ապա դարձել գլխավոր տնօրեն: Դրանից հետո 1986-1996թթ. զբաղեցրել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրենի (ոչ գլխավոր) պաշտոնը: Այս պաշտոնից հետո նրա «բախտը բացվել է»: 1996-2011թթ. եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ի նախագահ, ապա գլխավոր տնօրեն:
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը 2010թ. դեկտեմբերի 31-ին (երբ ամբողջ երկիրը պատրաստվում էր դիմավորել Ամանորը), ՀՀ նախագահի հրամանով, նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար: Նրա պաշտոնական կայքէջում տեղեկություն չկա` արդյոք Արտաշատի պահածոների գործարանի ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվել է:
Այդ տեքստից տպավորություն է ստացվում, որ մեր նախարարը համատեղության կարգով նաև ինչ-որ գործարանի տնօրեն է: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի` ՀՀ սահմանադրության 88-րդ հոդվածում բառացի գրված է. «Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Այսինքն` մեր «Օրինաց երկիր» կուսակցությունը, որ կուրծք է ծեծում օրինականության համար, բացահայտ խախտում է երկրի մայր օրենքի պահանջը, և խախտում է ամեն օր` իր նախարարին այդ պաշտոնում թողնելով:
Թեև կարծիքներ են հնչում, որ Սերգո Կարապետյանն այն թեկնածուն չէր, որին կարելի էր առաջադրել գյուղնախարարի պաշտոնում, հատկապես՝ գյուղատնտեսության համար այսպիսի ծանր իրավիճակում, այդուհանդերձ, չի կարելի ժխտել, որ ՕԵԿ-ի հավատարմատարը, ամեն դեպքում, ինչ-որ առանձնահատկություն ուներ: Վերջինս ուշադրություն գրավելու ուրիշ ձև չգտնելով` որոշեց սերտացնել և կարգավորել իր հարաբերությունները ամենակարող Աստծո հետ: Իսկ Աստծո բարեհաճությունը վայելելու ավելի լավ տարբերակ, քան կաթողիկոսի հետ հանդիպումներն ու փաստաթուղթ ստորագրելը, հավանաբար չկա էլ: Նա գյուղատնտեսությունը փրկելու յուրովի մեթոդ է առաջարկել` սերմացուն հողին հանձնելուց առաջ օրհնել:
Մեր մեծ հայրենակից Ջիվանին այս դեպքում կասեր. «Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, հիմարն էլ իմաստուն կարծում է իրան, նիհար հավը պարարտ, մեծ սագի նման, ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք…»:
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ