Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹԴՊ բաժնում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա հիմնելու և ապօրինի շրջանառությամբ զբաղվելու վերաբերյալ: Այդ առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 50–ամյա տղամարդու՝ Կոտայքի մարզում գտնվող բնակության վայրում՝ տանը և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են պլաստմասե և ապակե տարաների մեջ լցված թմրամիջոցներ, ներարկիչներ՝ լցված թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև ընդհանուր 85 հատ կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված զանգվածներ։

Բացի այդ, հայտնաբերվել և վերցվել են փաթեթավորման հարմարանքներ՝ փոքր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավեններ, թմրամիջոցի պլաստմասե և ապակե տարաներ, համակարգիչներ, ձեռնոցներ, ներարկիչից, կաթիլայինից և պլասմասե տարաներից բաղկացած ինքնաշեն գործիք, բջջային հեռախոսներ, մեծ չափի գումար և այլն:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը, ծագումը և պատրաստման եղանակը, ինչպես նաև՝ վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր պարզաբանելու համար նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ ներկայացված օբյեկտների մի մասը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածների մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։

Կոտայքի մարզի 50–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, դրանց ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս