ԲՐԻԿՍ-ի երկրների բաժինը համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արդեն գերազանցում է Մեծ յոթնյակի (G7) երկրների ցուցանիշը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի Գործարար համաժողովում։
«Օրինակ, տեսեք՝ 1992 թվական. Մեծ յոթնյակ՝ 45,5 %, իսկ նույն թվականին ԲՐԻԿՍ-ի երկրներ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 16,7 %: Իսկ հիմա՞: 2023 թվական. մեր միավորումը` 37,4 %, իսկ Մեծ յոթնյակը 29,3 %: Այս տարբերությունը մեծանում է, և կշարունակի մեծանալ, դա անխուսափելի է», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը շեշտը դրել է այն բանի վրա, որ ԲՐԻԿՍ-ի սոցիալ-տնտեսական աճի արագացման և կայուն զարգացման համատեղ աշխատանքը բերում է կոնկրետ, շոշափելի արդյունքներ, իրականում նպաստում է անդամ երկրների հասարակ քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավմանը։ Պուտինի խոսքով՝ թվերը խոսում են իրենք իրենց օգտին։ Նա բերել է վիճակագրություն, որի համաձայն ԲՐԻԿՍ-ի միագումար ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 60 տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային համախառն արտադրանքում ընդհանուր բաժինը վստահորեն գերազանցում է Մեծ յոթնյակի համապատասխան ցուցանիշը և շարունակում է աճել:
«Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի, ամբողջ համաշխարհային տնտեսական դինամիկայի աճի ավելի քան 40 %-ը բաժին է ընկնում ԲՐԻԿՍ-ի երկրներին. այս տարվա արդյունքներով, ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպերը կանխատեսվում են 4 %-ի մակարդակում: Սա ավելի բարձր է, քան G7-ի երկրներում, որտեղ ընդամենը 1,7 % է, ինչպես նաև բարձր է համաշխարհային տեմպերից։ Համաշխարհային ցուցանիշը կկազմի 3,2 %», – ասել է Պուտինը:
Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: