Շտայնմայերը Բայդենին է հանձնել Գերմանիայի բարձրագույն պարգևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից ստացել է Գերմանիայի բարձրագույն պարգևը։ Միացյալ Նահանգների ղեկավարն արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» Մեծ խաչի շքանշանի հատուկ աստիճանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի Բելվյու նախագահական պալատում։ Բայդենը շքանշանն ստացել է գերմանաամերիկյան բարեկամության և անդրատլանտյան դաշինքի ամրապնդման hամար՝ դառնալով Ջորջ Բուշ Ավագից հետո ԱՄՆ երկրորդ նախագահը, որն արժանացել է այդ պարգևին։

Շտայնմայերն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի հետ բարեկամությունը կենսականորեն կարևոր է Գերմանիայի համար»։

Բայդենը Բեռլին է ժամանել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան նա ժամանել է Բելվյու պալատ, որտեղ նրան դիմավորել է Շտայնմայերը։ Ավելի ուշ ԱՄՆ ղեկավարը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այնուհետև նրանց կմիանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը 40 տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա պետական այցով կլիներ Գերմանիայում և ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազայում ավելի մեծ կազմով հանդիպում կանցկացներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների հետ: Սակայն Ջո Բայդենը չեղարկել էր այդ ուղևորությունը, որպեսզի կենտրոնանա ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի դեմ պայքարի վրա։ Այժմ նա բաց թողած այցը լրացնում է կարճատև այցով, իսկ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումը կանցկացվի նոյեմբերին՝ տեսակապի ձևով։




Լրահոս