Դիմահար կրակոցից սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, ում ընտանիքի անդամների` գազի թունավորման փաստով նյութեր էին նախապատրաստվում Նոր Նորքի ոստիկանությունում, «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել, սակայն երեկ գործը վարող քննիչ Վահան Պողոսյանը նրան տեղեկացրել է, որ քրեական գործ հարուցված չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Մհերյանի ընտանիքի 4 անդամները, բավական կասկածելի պայմաններում թունավորվելով իրենց խոհանոցում տեղադրված «Մերկուրի» տեսակի գազատաքացուցիչից, սրտխառնոցներով ու գլխապտույտներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշել էին շմոլ գազից թունավորում: Այն դեպքում, երբ գազի անվտանգության աշխատակիցները նախնական զննությամբ հայտնել էին, որ գազատաքացուցիչից գազի արտահոսք չկա:
Դեպքից մի քանի օր անց քննիչն ընդունել էր որոշում` Պետրոս Մհերյանի ընտանիքի անդամների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: «Պարզաբանման համար առաջադրել հետեւյալ հարցերը` գազի թունավորման հետեւանքով Արմեն Պետրոսի Մհերյանին ինչ մարմնական վնասվածքներ են պատճառվել եւ ինչ ծանրության աստիճանի»,-նշված է քննիչի որոշումներից մեկում: Հարցը, թե ինչ վնասվածքներ պետք է ունենա շմոլ գազից թունավորված մարդը, զարմանալի էր նաեւ Պետրոս Մհերյանի համար, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ի՞նչ վնասվածքներ, եթե մենք տունը ուշքներս անցել, ընկել ենք, ի՞նչ վնասվածքներ»: Այլ խոսքով` Մհերյանի ընտանիքը կարծում է, որ գործը վարող քննիչը ժամավաճառությամբ է զբաղվում: «Ժողովուրդ»-ը փորձեց կապվել նաեւ քննիչի հետ, սակայն վերջինս անհասանելի էր:
Պետրոս Մհերյանը, որ նախկինում դժգոհ էր որդու սպանության` ՀՔԾ-ում տարվող նախաքննությունից եւ հայտարարում էր, որ ուսումնասիրելով 3 հատոր կազմած գործը` հանգել էր այն եզրակացության, որ ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանն ու Հեկտոր Սարդարյանը «զրոյական» նախաքննություն են տարել, այս անգամ դժգոհեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից: Ավելի ճիշտ նրա` մեր թերթին տված հարցազրույցի այն հատվածից, որտեղ ասում է. «Մի բան կարող եմ ասել` այս տարիների ընթացքում, բացի Գեւորգ Մհերյանի սպանությունից, որը տեղի ունեցավ իմ պաշտոնավարման առաջին ամիսներին, եւ որի սպանությունը որեւիցե կապ չուներ ոստիկանության հետ…»: Պետրոս Մհերյանին այս նախադասությունն ուղղակի զարմացրել է, քանի որ ասաց. «Եթե ինքը ասում է` կապ չունի, այսինքն` տեղյա՞կ է, թե ինչի հետ կապ ունի»:
Նա որդու սպանության բացահայտման առումով որոշակի հույսեր է կապում նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
ՄՀԵՐՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է ՍԵՐԳԵՅԻՉԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ