Հայ մամուլի օրվա առիթով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրաշալի նվեր ստացավ. հաղթեցինք դատարանում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտվեց, քանի որ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ (Տեսանյութը՝ ArmLur.am կայքում):
Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր Հովհաննիսյանից հրապարակավ բացատրություն պահանջեց, եւ, քանի որ չստացանք պատշաճ բացատրություն եւ փաստեր չներկայացվեցին, մտանք դատարան:
Դատարանի միջոցով պահանջել ենք պարտավորեցնել հրապարակայնորեն՝ ԱԺ ամբիոնից, իսկ անհնարինության դեպքում ArmԼur.am լրատվական կայքի միջոցով տեսանկարահանմամբ հերքել արված հայտարարությունը եւ նույն ձեւաչափով ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբագրակազմից: Ի հատուցումն հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի՝ բռնագանձել 4 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:
Իհարկե, դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ է բավարարել մեր պահանջները՝ վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պատկանող ArmԼur.am էլեկտրոնային կայքով հերքումն իրականացնել՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:
Հերքել հետեւյալ կերպ՝ «07.12.2023 թվականին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ամբիոնից արված հայտարարությունը («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երեւույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….») իրականությանը չի համապատասխանում»։
Դատարանը վճռել է նաեւ Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում եւ 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Սակայն մենք բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ եւ փոխհատուցել մեզ հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:
Չմոռանանք ասել, որ շնորհակալ ենք «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» փաստաբանական գրասենյակին՝ ի դեմս ղեկավար Գագիկ Խաչիկյանի՝ մամուլի օրը մեզ համար կարեւոր նվեր մատուցելու համար: Ի գո՛րծ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու: Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին եւ Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի: Թեեւ մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը եւ վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները եւ շարժման ծրագրերը, քննարկվելու է նաեւ մեր երկրում ստեղծված իրավիճակը:
ՀՀ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած վիճաբանությունը սկանդալային կոռուպցիոն բացահայտում էր մեծ հաշվով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն 2 անգամ դիմել են: Սա նշանակում է, որ կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում է եղել՝ հովանավորչություն:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ըստ Civilnet-ի՝ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ամենագնաց, եւ մատակարարը եղել է նույն Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը։
Կարգապահ Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում իր ագրեսիվ վարքով ավելի վատ դրության մեջ դրեց ինքն իրեն, քանի որ ցույց տվեց, որ քննիչների գործունեությունից ակնհայտորեն նեղսրտած է. բողոքում էր քննիչների վարքից: Աղազարյանը, սակայն, չմանրամասնեց՝ այդ «բանալին պտտեցնող քննիչը» ո՞ւմ է հարցաքննել, ո՞ւմ է ահաբեկել բանալիով, ո՞վ է տուժել քննիչի գործողություններից եւ ամենակարեւորը՝ ինչու մինչ օրս չի բարձրաձայնել այդ մասին: Աղազարյանը չմանրամասնեց նաեւ՝ արդյոք իր որդին է եղել հարցաքննվողը:
Հովիկ Աղազարյանի այս եւ շատ այլ հայտարարություններ հակասում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին ՀՀ օրենքին: Մասնավորապես, օրենքի 3-րդ հոդվածում՝ «պատգամավորի էթիկայի կանոնները սահմանում են, որ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չի կարող օգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի»: Սակայն Աղազարյանն իր ելույթներով ակնհայտորեն իր որդու եւ իր անձնական շահերն էր սպասակում ԱԺ նիստերի դահլիճում:
Վերոհիշյալ օրենքի 4-րդ հոդվածն էլ նկարագրում է պատգամավորի շահերի բախումը. «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է… Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը…»: Ավելին՝ օրենքը պարտադրում է, որ պատգամավորը պարտավոր է տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է, կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ «իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։
Այսպիսով՝ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների ՀՀ օրենքին հակասում են Հովիկ Աղազարյանի գործողությունները. նա ակնհայտորեն որդու շահերն է սպասարկել ԱԺ նիստերի դահլիճում:
Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի
Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27 տարեկանում միայն ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավագիտության մասնագետի որակավորում, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել:
Հիշեցնենք, որ իշխանությունը պայման ունի գտնել կուսակից, ով կհավակնի այդ պաշտոնին. ընտրյալը պետք է կայացնի իշխանության «սրտի» որոշումները՝ չմտածելով արդարադատության մասին:
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Միայն մեկ տրանսպորտային միջոց՝ Vaz մակնիշի, որը գնել է 2007 թվականին։ Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 800 հազար դրամ:
Արմեն Խաչատրյան հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 201 հազար դրամ։ Եկամտից 11 մլն 450 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից: Նշենք, որ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի համեմատությամբ, Խաչատրյանի աշխատանքի վարձատրությունը 2023 թվականին գրեթե 3 մլն դրամով ավելացել է. նախորդ 8 մլն 425 հազարը դարձել է 11 մլն 450 հազար դրամ։
Պատգամավորի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն դրամ եւ 30 հազար դոլար: Քանի որ Խաչատրյանը, որպես եկամուտ, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 757 հազար դրամ եւ ունի նման մեծ չափի վարկ, կարելի է ենթադրել, որ սա հիփոթեքով ձեռք բերված գույք է։ Սակայն անշարժ գույքի մասին հիշատակում պատգամավորի հայտարարագրում չկա: Որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրում առկա է բնակարան Երեւանում, որը ոչ թե սեփականություն է, այլ սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի որդու կողմից։
Հարկ է նշել, որ համաձայն պատգամավորի 2023 թվականի հայտարարագրի՝ որդին աշխատում է ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը վերջ է դնելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, սակայն այս մի հարցում էլ Փաշինյանը կրկին բացթողումներ ունի։ Ավելին՝ պետական համակարգը հենց ԽԾԲ-ով էլ աշխատում է։
ՔՊ պատգամավորի որդին 2019 թվականին գնել էր Toyota մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին 2 մլն 250 հազարով ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա։
Որդու հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունի հիփոթեքով բնակարան 42 մլն 500 հազար դրամ արժողությամբ։
Հարկ է նշել նաեւ, որ Արմեն Խաչատրյանի կինը Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն է։