«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հայտնելով, որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Գործը դատարանում է, Կենտրոնի նստավայրում կայացել էր դատական նիստը:
Մենք հայտնել էինք, որ միակ մեղադրյալը 67 տարեկան պապիկ, ԱԺԲ անդամ Տիգրան Դերմոյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալը, ու գործը գնում է դատարան, տեսնենք, թե ինչ կլինի այնտեղ:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։
Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթը դատական նիստից հետո հարց ուղղեց գործով դատախազին, թե ինչու միայն թիրախավորեցին 67-ամյա պապիկին եւ ինչու, ի վերջո, վարչապետի կնոջը չեն հարցաքննել։ Ի պատասխան՝ դատախազը պարզապես հեգնական ներողություն խնդրեց ու շտապեց դուրս գալ դատարանի շենքից՝ այդպես էլ մեր հարցին պատասխան չտալով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՑԸ
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ եւ համարել անհիմն։
«Հիշեցնեմ, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին, երբ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում էր սկսել Արցախի վրա, ՀՀ ԱԺ նախագահը զբաղված էր իմ դեմ դատական հայց ներկայացնելով՝ իրեն իբր թե վիրավորելու համար։ Դատական հայցի հիմքում ավելի վաղ հարցազրույցի ժամանակ իմ արած արտահայտությունն է եղել, որտեղ ես Ալեն Սիմոնյանին անվանել եմ «պոռնոդերասան, որ մինչեւ պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում…»։
Թեպետ Ալենի մասնակցությամբ բաց, կիսամերկ, սեռական հարաբերությունների 18+ տեսարաններով ֆիլմեր կան համացանցում, բայց ամեն դեպքում ԱԺ նախագահը վիրավորվել էր իմ խոսքից։
Հայ իրականության ամենապրոֆեսիոնալ եւ ազգային մտածողությամբ փաստաբաններից մեկի՝ Փաստաբան Լուսինե Վիրաբյանի հմուտ աշխատանքի շնորհիվ Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ մերժել էր Ալենի հայցը, որից հետո Ալեն Սիմոնյանի փաստաբանական թիմը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ 2024թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ նույնպես մերժել է Ալենին։
Ես մեկնաբանություններից զերծ կմնամ, իսկ դուք ձեր եզրակացություններն արեք…»,- գրել է Հոխիկյանը։