Հայ մամուլի օրը նշվում է 2004 թվականից սկսած` հոկտեմբերի 16-ին։
1794 թվականի նույն օրը Մադրասում հրատարակվեց հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»՝ Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ։
Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր, որը հետագայում որոշվեց դարձնել Հայ մամուլի օր։
Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրը հայկական լրատվամիջոցներին շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը՝ «Լավագույն պարբերական մամուլ», «Լավագույն մարզային մամուլ», «Լավագույն հեռուստաընկերություն», «Լավագույն ռադիոկայան» եւ «Լավագույն թղթակից» անվանակարգերով։
Սկիզբ առնելով Մադրասում՝ հայ մամուլի տպագրությունն այնուհետեւ տարածվել է ամբողջ աշխարհում. «Տարեգրություն»-ը՝ տպագրված Վենետիկում 1799 թվականին, «Արմենիա»-ն Մարսելում՝ 1885 թվականին, «Արշալույս Արարատյան»-ը Զմյուռնիայում՝ 1840 թվականին։ 19-րդ դարի երկրորդ կեսին, պարբերականների աճին զուգահեռ, դրանց ուսումնասիրությունը զարգացման նոր փուլ մտավ։
Սկսեցին հրատարակվել ոչ միայն պարբերականների լրիվ ցուցակներ, այլեւ առանձին պարբերականների կամ առանձին աշխարհագրական վայրում հրատարակված պարբերականներին վերաբերող ուսումնասիրություններ։
Այժմ «Ազդարարի» պես տպագիր շատ քիչ թերթեր են մնացել, որոնց տպաքանակը հիմնադրման ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է։
Հայաստանում 2000-ականներին գործում էին «Ժողովուրդ», «Առավոտ», «Հրապարակ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Չորրորդ իշխանություն», «Ազգ», «Հայկական ժամանակ» եւ այլ օրաթերթեր։
Հայ մամուլը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, ամեն նոր իշխանության կողմից թիրախավորվել է, հաղթահարել է բազում արհավիրքներ, սակայն աներեր կանգնել է ոտքերի վրա եւ ծաղկեցրել հայ մամուլի ոսկեղեն լեզուն։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը շնորհավորում է Հայ մամուլի 20 ամյակը եւ մաղթում աշխատաշատ եւ բեղուն ընթացք։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:
Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաեւի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Աիդա Բալաեւան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին այս կարեւոր մշակութային նախաձեռնությանը աջակցելու եւ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կազմակերպելու համար:
«Ղազախստանի մշակութասեր հանրությանը հայկական մշակույթի ներկայացումը շատ կարեւոր է. հատկապես, որ մշակութային ծրագրի առանցքում մեծանուն հայ արվեստագետներ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, ինչը պատահական չէ: Այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց 100-ամյա հոբելյանները։ Պատահական չէ նաեւ Սոս Սարգսյանի անունը կրող թատերախմբի ընտրությունը. Սոս Սարգսյանին, համոզված եմ, ճանաչում եւ հիշում է նաեւ Ղազախստանի հանրությունը։ Նրանք բոլորը՝ ամեն մեկն իր ինքնատիպ ոճով, խոսել են մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության եւ մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժը։
Հայաստանի եւ Ղազախստանի ժողովուրդների մշակութային երկխոսության ամենավառ արտահայտություններից են նաեւ ղփչաղական ձեռագրերը, որոնք մեծ հոգածությամբ ու խնամքով պահվում են Երեւանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ղազախստան մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, որը ամուր հիմք է երկու պետությունների միջեւ նաեւ այլ ասպարեզներում կապերի ամրապնդման համար:
Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Աիդա Բալաեւան եւս ողջունել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը՝ մաղթելով մասնակիցներին ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:
«Բարեկամ երկրների մշակույթի օրերը մեզ համար կարեւորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում՝ երկրների եւ ժողովուրդների միջեւ գործընկերային հարաբերությունների խորացման գրավական եւ բարեկամության կամուրջ։ Համոզված եմ, որ Մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային եւ հոգեւոր արժեքների հետագա զարգացման համար»,- ասել է նա:
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը եւ միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Համերգային ծրագրում հնչել են նաեւ Կոմիտասի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Քալիբեկ Կուանիշբաեւի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի կյանքին եւ գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդեսը, իսկ 7 IMAX KERUEN կինոթատրոնում մեկնարկել է հայկական կինոյի օրերի ծրագիրը: