ArmLur.am-ը գրել էր, որ Բագրատ Սրբազանը գնալու է ԱԺ:
Նա մասնակցել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումներին, որի ընթացքում քննարկվել է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նշենք նաեւ, որ Բագրատ Սրբազանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում կայացած լսումների ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովում զրուցել է Բագրատ Սրբազանի հետ՝ առաջիկա անելիքների, «Սրբազան շարժման» հետագա քայլերի, ինչպես նաեւ ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի եւ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։
-Սրբազա’ն, աշունը դեռ չսկսած՝ ասում էիք, որ թեժ աշուն է լինելու: Տեղեկություններ կան, որ առաջիկայում մեծ հավաք է լինելու: Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հանրությունը հետագա ծրագրերի մասին կիմանա անպայման, Ձեր միջոցով կտեղեկացնեմ:
-Սրբազան հա՛յր, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական շրջանակներից մեղադրում են, ասում են, որ Սրբազանը որեւէ հստակ ծրագիր չի ներկայացնում, քանի որ հստակ անելիքներ չկան եւ չգիտի՝ ինչ է անում:
-Անդադար կրկնելու կարիք չկա, բոլոր ծրագրերը՝ թե՛ պետության ապագայի վերաբերյալ, թե՛ ընթացիկ գործունեության, ներկայացված են: Մեզ մնում է քայլ առ քայլ գործողությունների ծրագիրը ներկայացնել, որի կարիքը այս պահին չկա:
Յուրաքանչյուր գործողություն իր բովանդակությունն ունի:
-Իսկ օրակարգո՞ւմ է դեռեւս այն, որ նշում էիք, թե մինչեւ հաջորդ ընտրություններ այս իշխանությունն այլեւս չի լինելու եւ հերթական ընտրություններին չենք հասնելու:
-Ընտրության խնդիր դրված չկա:
-Իսկ Ձեր անունը՝ որպես վարչապետի թեկնածուի, շարունակո՞ւմ է օրակարգում մնալ:
-Այդ հարցը շատ պայմանական է բոլոր առումներով: Եթե կան ցանկություն ունեցող պատասխանատու մարդիկ, ապա կարող են լինել վարչապետի թեկնածու:
-Տեսանք, որ իշխանության ներսում էլ ամեն բան խաղաղ չէ: Օրերս ականատես եղանք քննչական կոմիտեի եւ իշխանական պատգամավորների միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած մեծ կռվին ու հրմշտոցին: Սա ցույց է տալիս, որ իշխանության ներսում ամեն բան չէ, որ հարթ է:
-Սա ողջ պետական կառավարման համակարգի պերճանքն ու թշվառությունն է, որ ամբողջությամբ դրսեւորվեց եւ արտահայտվեց: Սա պարզապես մի դրվագ է, որը ցույց է տալիս այն խորքային իրավիճակն ու աղետը, որի մեջ մենք գտնվում ենք:
Ավելի ուշ Բագրատ սրբազանն Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ, որի ընթացքում ասաց. «Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի եւ խարդավանքների, որովհետեւ այս պայքարն այս անպատիվ ընթացքը կասեցնելու, մեր պետականությունը վերականգնելու մասին է: Այո՛, մենք այս պահին չկարողացանք կանգնեցնել Կիրանց, Ոսկեպար հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում կարողացանք կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնում, նոր տարածքների զիջումներ, ու այս վերջին՝ աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին եւ, ինչու չէ, նաեւ Ադրբեջանի կողմից պարտադրված Սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Երբ մենք շեշտում էինք, որ սա սահմանազատում եւ սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջում պարտադրանքի ներքո՝ ոմանք չէին ցանկանում հասկանալ կամ չէին հասկանում»:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ