
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի սպանված ղեկավար Յահյա Սինվարի մարմինը կարող է փոխանակվել իսրայելցի պատանդների հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը դիտարկում է Սինվարի մարմինը որպես «սակարկության առարկա» օգտագործելու հնարավորությունը՝ Գազայում գերության մեջ գտնվող իսրայելցիների դիմաց։ Աղբյուրները նշում են, որ պատանդների փոխանակումը, հավանաբար, Սինվարի աճյունը Գազա վերադարձնելու միակ միջոցն է:
Հոկտեմբերի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ նախնական ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահը։ Kan հեռուստառադիոընկերությունը պարզաբանել է, որ պաղեստինյան շարժման ղեկավարի նույնականացումը հնարավոր է եղել այն պատճառով, որ Սինվարը ժամանակին պատիժ է կրել իսրայելական բանտում, ուստի, Իսրայելն ունեցել է նրա կենսաբանական նմուշները։