ԱՄՆ-ում կյանքից հեռացել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված FETÖ կազմակերպության ղեկավար, 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում էր ԱՄՆ-ում։

Lուրը Hürriyet թերթի թղթակիցը հաստատել է CNN TÜRK-ի ուղիղ եթերում։

Ըստ CNN TÜRK-ի՝ 83-ամյա Գյուլենի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը։

Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ի երեկոյան։ Տեղեկության համաձայն՝  մահը վրա է հասել առողջական վիճակի պատճառով։ Նա բացի երիկամային անբավարարությունից ու շաքարային դիաբետից, ունեցել է նաև դեմենցիա։

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1998 թվականից որպես վտարանդի բնակվում էր ԱՄՆ-ում, նախկինում մեծ ազդեցություն է ունեցել թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում էին 2016 թվականի հուլիսին հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով երկօրյա դիմակայության ընթացքում զոհվել էր ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ 2,2 հազարը։ Պաշտոնական Անկարան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն նրան չեն արտահանձնել։




Լրահոս