ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Կենտրոնի դատարանում քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» ու «Ֆազի» թիմակիցները ծեծեցին միմյանց. որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը որոշում է կայացրել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի եւ նրա ընկերների կողմից Կենտրոնի դատարանի բակում ծեծկռտուքի գործով:

Մասնավորապես 2024 թվականին սպանված Սերգեյ Գրիգորյանի մասով գործը կարճվել է, իսկ ահա նրա ընկերներից ոմանք պայմանական ազատ են արձակվել, իսկ ոմանց էլ պատիժ է սահմանվել տուգանքի տեսքով։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ քրեական հեղինակություն Ֆազի ընկերներից մեկն էլ՝ Գագիկ Սարգսյանը, դատարանի որոշմամբ արդարացվել է:

Իսկ ի՞նչ էր կատարվել

2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:

«Ֆազի» և «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց:

Արդյունքում այս արարքի համար դատարանի առաջ կանգնեցին Արման Ենոքյանը, սպանված Սերգեյ Գրիգորյանը, Վահրամ Մարգարյանը, Բորիս Սիմոնյանը, Գագիկ Սարգսյանը:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն, այն է՝ ցուցաբերել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, որի ընթացքում մի խումբ անձանց հետ կատարել է նաև ֆիզիկական ներգործություն՝ մեկից ավել հարվածներ է հասցրել Զորիկ Վարդանյանին և Տիգրան Մանթաշյանին՝ Զորիկ Վարդանյանին պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Տիգրան Մանթաշյանին՝ ֆիզիկական ցավ:

Ըստ էության՝ քրեական հեղինակությունների դատարանի վեճը ավելի էր խորացրել կողմերի միջեւ լարվածությունը, ինչի արդյունքում 2024 թվականին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին սպանեցին ու գործով կալանավորված է քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս