Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։

Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաև ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։

Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել: Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաև, որ ավտոբուսն ունի 36 ուղևորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետևի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել և բացվել է:

Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց և հանձնվել ոստիկանության պահպանմանը:

Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում:

Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, Երևան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի: Երևան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը, այս պահին քննությամբ ստուգման ենթակա, չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետևից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։

Ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երևան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս