Հարավային Կորեան խստորեն կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ» քայլեր ձեռնարկել՝ ՌԴ-ից դուրս բերելու Հյուսիսային Կորեայի զորքերը, որոնք, ենթադրաբար, այնտեղ են գտնվում Ուկրաինայում ընթացող պատերազմում օգնելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Մինչ այդ Կորեայի Հանրապետության հետախուզական գործակալությունը հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորներ է տեղակայել Ռուսաստանում՝ Կիևի դեմ պատերազմում օգնելու համար:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին՝ ի նշան բողոքի հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։ Դեսպանը հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոն Գյունի հետ, որը խորը մտահոգություն է հայտնել վերջերս հյուսիսկորեացի զինվորների՝ Ռուսաստան ուղարկելու կապակցությամբ և «պահանջել անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը ՌԴ-ից և դադարեցնել ցանկացած նման համագործակցություն» Փհենյանի հետ:
Այդ առնչությամբ ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում և ուղղված չէ Հարավային Կորեայի շահերի դեմ:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ժխտում են Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեական զորքերի վերապատրաստման մասին լուրերը:
Անցյալ շաբաթ հարավկորեական հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների հազարավոր մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։