ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՍՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ հաստատեց իր հրաժարականը, ինչն էլ նշանակում է, որ ԱԺ-ի կողմից ընդունված է նրա հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Հ.Աբրահամյանն ԱԺ-ին  ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը, որը պետք է 5 օրվա ընթացքում կրկներ:   

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ո՞վ կարող է փոխարինել Հովիկ Աբրահամյանին, եւ ո՞վ է արժանի այդ  պաշտոնին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ դժվարանում եմ կոնկրետ ասել` ով կարող է փոխարինել Հովիկ Աբրահամյանին, բայց պետք է ասեմ, որ, ամենայն հավանականությամբ, կընտրվի մեկը, ով իշխանության կողմից ավելի վստահելի կլինի: Կարծում եմ, որ այսօր կան բազմաթիվ թեկնածուների անուններ, որոնք կարող են փոխարինել վերջինիս: Այլ հարց է, թե արդյոք այդ անձը նվիրյալ կլինի, եւ հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ կկարողանա որեւէ դրական քայլ կատարել:   

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության
պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանին արժանի շատ թեկնածուներ կան, բայց ես զերծ կմնամ անուններ տալուց,  քանի որ չեմ ցանկանում` ստացվի այնպես, թե մեկին  գովազդում եմ: Պարզապես հարցն այն է, թե ում է նպատակահարմար գտնում Հանրապետական կուսակցությունը, եւ որքանով է այդ անձնավորությունը համապատասխանում այդ կուսակցությանը:

 ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
«Ազգային ժողովրդավարների
դաշինք» կուսակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ես չեմ կարող տալ որեւէ թեկնածուի անուն, քանի որ դեռ Հանրապետական կուսակցությունը չի որոշել, թե ում թեկնածությունն է դրվելու քվեարկության: Հստակ կարող եմ մի բան ասել, որ գալիք քառօրյա նիստերի  ժամանակ մեր ֆրակցիան այս հարցը կդնի քննարկման, եւ միայն քննարկումից հետո մենք կասենք, թե ում ենք նախընտրում տեսնել  ԱԺ նախագահի պաշտոնում:

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Լավ կլինի` այդ հարցն ուղղեք ՀՀԿ-ի անդամներին, նրանք ավելի ճիշտ կպատասխանեն: Բայց ես կարծում եմ, որ ամենառեալ թեկնածուները կլինեն ՀՀԿ-ից: Հատկապես որպես թեկնածու` կարող եմ նշել ՀՀԿ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի անունը, ով այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի դերը: Կարծում եմ, ով էլ ընտրվի, դա կկրի ժամանակավոր բնույթ, քանի որ մայիսին կլինեն հաջորդ խորհրդարանական ընտրությունները:

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս