Այսօր՝ հոկտեմբերի 21-ին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Պաշտոնական բացմանը ներկա են գտնվել ներկա ՄԻՊ-ը՝ Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք դեսպաններ և այլ անձինք:
ArmLur.am-ը նկատել է, որ միջոցառմանը նախկին Պաշտպաններից ներկա է գտնվել միայն Քրիստինե Գրիգորյանը, իսկ մյուսները՝ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը և առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը չեն եղել միջոցառմանը։
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո իրենց առաջարկ եղել է, թե ոչ։ Վերջինս ասաց, որ ո՛չ, հրավեր չի եղել:
ArmLur.am-ը խոսեց նաև Արման Թաթոյանի մամուլի խոսնակ Դիանա Հակոբյանի հետ, ումից կրկին ստացանք նույն պատասխանը՝ հրավեր չի եղել։
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է Քրիստինե Գրիգորյանը միայն ներկա գտնվել և ինչու հրավեր չի եղել մյուս նախկին ՄԻՊ-երին, վերջինս ասաց․
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջազգային համաժողովը նախանշված միջոցառումներից առաջինն էր, և նախատեսված էր բացառապես պետական մարմինների ներկայացուցիչների, դեսպանների, միջազգային գործընկերների համար։
Առաջիկայում իրականացվելու են նաև Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների և տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Միևնույն ժամանակ, նշենք, որ նախկին ՄԻՊ-երի և աշխատակիցների աշխատանքի կարևորությունը շեշտադրված է Պաշտպան Անահիտ Մանասյանի ողջույնի ուղերձում և մեր կողմից նախապատրաստված` ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված տեսանյութում»։
Էմմա Մարտիրոսյան