Նոյեմբերի 10-ին ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցադիմումով: Կազմակերպությունը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայցադիմումի հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթին եւ 2011թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրին տրված հարցազրույցները:
Հայցադիմումի մեջ նշվում է, թե Վ.Գասպարյանը, իր ելույթներում առանց ուղղակիորեն անուններ տալու (սակայն իր խոսքից արդեն իսկ պարզ է` ում մասին է խոսում), վիրավորում է նաեւ քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ եւ համարձակ ներկայացուցիչներին, որոնք ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների:
Հայցադիմումում նշվել է, որ ՊՆ նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է. «Ո՞նց կարող է ցավալ մարդու սիրտը մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտը ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետեւ դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երեւույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համարում է, որ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք դատարանից պահանջել են կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա. «Քանի որ այդ հոդվածը հիմնականում կիրառվում է ԶԼՄ-ների, քաղաքացիների նկատմամբ, հիմա այդ հոդվածը բուն իմաստով կկիրառվի, նշեմ, որ այստեղ գումարի չափը չէ կարեւոր, այլ պատժելիությունը»:
ՍԱՔՈՒՆՑՆ ԸՆԴԴԵՄ ՎՈՎԱՅԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ