ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին սողանքից քանդվել են Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի  Ներքին Ծաղկավան գյուղ մտնող հատվածի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ շատ վտանգավոր: Սողանքի վայրում եղել են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Տավուշի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի, պետավտոտեսչության հանրապետական վարչության աշխատողներ: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ այդ գոտում սողանքային երեւույթները սկսվել են դեռեւս ապրիլ ամսին, սակայն աշնանային անձրեւների հետեւանքով սողանքն ավելի է ծավալվել: Առկա է հարցի լուծման, ճանապարհի վերականգնման տարբերակ. գումարով փոխհատուցել ճանապարհին հարակից սեփականաշնորհված 2 հողամասերի տերերին, որպեսզի ճանապարհն անցնի այդ տարածքով: Իսկ առայժմ ավտոբուսները գյուղի կենտրոնից վերեւ չեն բարձրանում, մարդատարներն էլ 5 մետր երկարությամբ վտանգավոր այդ հատվածը զգուշությամբ են անցնում:  Սողանքի հետեւանքների վերացման համար պետական աջակցությունն ուշանում է: Իսկ վտանգավոր ճանապարհը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ այդ հատվածով երթեւեկողների գլխին: Ներքին Ծաղկավան համայնքը նախկինում էլ է եղել սողանքային գոտի: 5 տարի առաջ պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվեց  համայնքի 7 ընտանիքի, որոնց տները սողանքից տուժել էին:




Լրահոս