Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։
«Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն չկրկնվող, եզակի, որոնք, այո, փոխլրացնող էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել։ Հաշվի առնելով մեր քննարկումները՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմում փոփոխություն ենք կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել ենք, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կարող է ստանալ և կատարել։ Ընդ որում, պահպանել ենք այն նույն հրամանատարական շղթան, ինչը տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։