Ուկրաինայում բոյկոտում են ռուսական ապրանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում բոյկոտում են ռուսական ապրանքները, սակայն գարեջրի, գինու և ծխախոտի գները կտրուկ աճում են։ Երկրում գարեջրի ակցիզները թանկացել են 42%, իսկ ալկոհոլային ու ծխախոտային արտադրանքինը՝ 25%:

Ապրիլի 1-ին հրապարակված «Ֆինանսական ճգնաժամի հաղթահարման և տնտեսական աճի նախադրյալներ ստեղծելուն ուղղված» օրենքի համաձայն՝ ակցիզների նոր դրույքաչափերը գարեջրի համար ուժի մեջ կմտնեն 2014թ. մայիսի 1-ից, սպիրտի և սպիրտային խմիչքների համար՝ սեպտեմբերի 1-ից, իսկ ծխախոտային արտադրանքի համար՝ հուլիսի 1-ից։

Ինչպես նշում է կիևյան «Сегодня» պարբերականը, այդ երկրում սկսվել է բոյկոտ ռուսական ապրանքների նկատմամբ։ Մարդիկ խանութներում դադարում են գնել «46» կոդով ապրանքները։ Այդ կերպ նրանք չեն ցանկանում աջակցել ագրեսոր երկրի արդյունաբերողներին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայում 40% կրճատվել է ռուսական ապրանքների վաճառքը։ Որոշ սուպերմարկետներ Ուկրաինայի արևմուտքում ռուսական ապրանքների կողքին գրություն են դնում «Բոյկոտ օկուպանտներին» կոչով։ Ակտիվիստները կոչ են անում հագուստ չգնել ռուսական խանութներում և չճաշել ռուսական ռեստորաններում։

Սակայն հայրենասիրական մղումները և էմոցիոնալ գնահատականները մի կողմ դնելով և սառը դատելով՝ պարզ է դառնում, որ Ուկրաինան այդքան էլ հեշտ չի կարող ազատվել ռուսական ապրանքների սպառումից, քանի որ ներկա պահին չի կարող ապահովել դրանց ալտերնատիվ տարբերակ։

Առավել կարևոր դեր է խաղում այստեղ ռուսական գազը, որը ապրիլի 1-ից թանկացել է Կիևի համար՝ հասնելով 385,5 դոլարի 1000 խորանարդի համար՝ 268,5-ի փոխարեն։ Անկասկած, Կրեմլը հետագայում էլ կօգտագործի այդ «գազային լծակը» Կիևի վրա ճնշում գործադրելու համար, և չեն բացառվում գազի նոր թանկացումներ։

Մարտի 27-ին Ուկրաինայում ընդունվեց «Բյուջեի մասին» օրենքը։ Ընդ որում, Յացենյուկը հայտարարեց, որ ֆիսկալային տարբերությունը, այսինքն՝ նախատեսվող եկամուտների և ծախսերի հարաբերությունը կազմում է 289 մլրդ․գրիվնա։ Պարզ չէ, թե ինչպես պետք է ուկրաինական կառավարությունը ծածկի բյուջետային այս ահռելի դեֆիցիտը, և ինչքան գումար կտրամադրի Արևմուտքն Ուկրաինայի «ճիշտ» կողմնորոշման համար։

Ուկրաինան այսօր կանգնած է սնանկության լրջագույն և իրական վտանգի առաջ․․․

Գոռ Ղազարյան




Լրահոս