Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում: ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ կոմունալ բաժնի աշխատակիցները մեխանիզմ են մշակել, թե ինչպես պետք է քաղաքացիներից տարբեր չափի գումարներ «շորթեն»։
Ըստ ArmLur.am-ի զրուցակիցների՝ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջել են տարբեր բակերով, և երբ նկատել են, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանում բնակարաններում, պատշգամբներում, բարձրացել են բնակարան, հայտարարել, թե ահազանգ են ստացել բնակիչներից, բողոք կա ու պետք է ստուգումներ իրականացնել, իսկ խախտումների դեպքում՝ տուգանք նշանակել։ Ըստ ArmLur.am-ի զրուցակիցների՝ չկա նման շինարարություն, որտեղ ինչ-որ մի թերություն չկարողանան գտնել, ինչի համար էլ քաղաքացիները նշված աշխատակիցների հետ խնդիրներից խուսափելու համար պայմանավորվածություն են ձեռք բերում, ինչ-որ գումար վճարում՝ «շառից-փորձանքից» հեռու մնալու համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանի գրեթե բոլոր բակերում այս խայտառակ հանցագործ մեխանիզմի մասին տեղյակ են, սակայն լռել են, որպեսզի իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվեն։ Բայց քանի որ դեպքերը շատացել են, քաղաքացիները տարբեր թեժ գծերում բողոք են ներկայացրել, ինչի համար իրավապահները ձերբակալել են կոմունալ բաժնի մի քանի աշխատակիցների։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ, դատելով իրավիճակից, «Կենտրոն վարչական շրջանի վրա թաղապետ չի գալիս», քանի որ ով նշանակվում է՝ նրա ղեկավարության ներքո գտնվող շրջանակում կոռուպցիոն գործարքներ են իրականացվում: Հիմա էլ նոր թաղապետ Պետրոս Պետոյանը կհայտնի, թե տեղյակ չի եղել, իսկ իրականում թաղապետերը կամ անգործության են մատնված կամ էլ գուցե լավ տեղյակ են եւ իրենց բաժին շահագրգռվածությունն ունեն կաշառքի գործերում։ Օրինակ՝ անցած տարի, երբ Կենտրոնի թաղապետը Սամվել Ղուկասյանն էր, նրա աշխատակիցներն էին կաշառքի գործընթացի մեջ մտել, ու հիմա այդ գործը դատարանում է, իսկ ահա նախկին թաղապետ Ղուկասյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ մի բան էլ բարձր պաշտոնի նշանակվեց Երեւանի քաղաքապետարանում: Իսկ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետրոս Պետոյանն է, եւ նրա աշխատակիցները խմբով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան