ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ նոր ներկայացում է բեմադրել` «Cherchez la femme» («Շեղշե լյա ֆամ». այս հայտնի արտահայտությունն Ալեքսանդր Դյումայի «Փարիզի մոհիկաններ» վեպից է, որտեղ ասվում է. «Ամեն ինչի հիմքում փնտրե՛ք կնոջը»): Կրկին կատակերգություն է, որտեղ ներկայացված է սիրային եռանկյունի` ամուսին, կին եւ սիրեկան: Իրադարձությունները կատարվում են Մոսկվայում: Ներկայացման մեջ արտացոլվում է սերունդների կոնֆլիկտը. ամուսինն ու սիրեկանը 40-50 տարեկան են, իսկ կինը համեմատաբար երիտասարդ է` 25 տարեկան:
Նարեկ Դուրյանի խոսքերով` ներկայացման վերնագրից էլ կարելի է հասկանալ, թե որն է գլխավոր միտքը: Ինքը համոզված է, որ կանանցից շատ բան է գալիս. «Կինն ինչքան էլ որ կարող է հրաշալի, գեղեցիկ ու սուրբ մայր լինել, պարադոքս ձեւով նույն չափով էլ կարող է լինել հակառակը: Իսկ ներկայացման վերջում ես շատ հայտնի ցիտատ եմ մեջբերում. «Տղամարդը կնոջ համար պրոբլեմ չէ, տղամարդը կնոջ համար պարզապես պրոբլեմների լուծումն է»:
-Իսկապե՞ս այն կարծիքին եք, որ կնոջ մատն ամեն ինչում խառն է:
-Այո՛, ես դրան հավատում եմ շատ ուժեղ ձեւով, թող տղամարդիկ չնեղանան: Կինն ավելի խելացի է, հեռատես, քան տղամարդը, գրեթե վստահ եմ դրանում:
-Ի՞նչն եք կնոջ մեջ ամենից բարձր գնահատում:
-Խելքը, բայց մի խոսք էլ կավելացնեմ խելքից առաջ` ճկուն խելքը: Մենք էլ ենք խելացի, սակայն մենք այդքան ճկունություն չունենք: Խնդրում եմ շեշտե՛ք, որ դա իմ անձնական կարծիքն է:
-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է այսօրվա հայ կինը:
-Ինձ թվում է, որ հայ կանայք իրենց դեռ փնտրում են, որովհետեւ նոր են դուրս գալիս ստրուկ կարգավիճակից, չնայած դա մի քիչ խիստ ասացի: Նրանք փորձում են դուրս գալ իրենց վանդակից, բայց ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ մեր կանայք բավականաչափ խելացի են, որպեսզի նույնիսկ տղամարդուն հավասարվելու դեպքում չկորցնեն իրենց կանացիությունը, ինչը եղավ Եվրոպայում:
-Ի՞նչ եք կարծում, մեր հայ ավանդապահ տղամարդը թույլ կտա՞, որ կինն ազատվի այդ վանդակից:
-Հիմա սերունդը փոխվել է: Ես շատ եմ շփվում երիտասարդների հետ ու կարծում եմ, որ երիտասարդներից շատերը հիմա էդպես չեն մտածում: Կան, իհարկե, սեւ, մռայլ տղաներ, բայց կան նաեւ այնպիսիները, որ շատ ավելի բաց են ու ազատ, քան մեր ժամանակաշրջանի տղամարդիկ: Հուսով եմ, որ կգա այն օրը, երբ կինն ու տղամարդը կունենան հավասար իրավունքներ: Մի բան եմ նկատել. բոլոր այն երկրներում, որտեղ կանայք ազատ են, տնտեսական եւ կենցաղային կյանքի մակարդակը շատ ավելի բարձր է: Տեսե՛ք Շվեդիան եւ ամբողջ Սկանդինավիան:
-Դուք էլ հայ տղամարդ եք, բայց Ձեր խոսքից հասկացա, որ կողմ եք կնոջն ազատություն տալուն:
-Այո՛, կնոջը պետք է տալ ազատություն, բայց դա հայ տղամարդու հետ որեւէ կապ չունի: Շատ, թե քիչ մտավորական անձնավորությունը, իսկ ես ինձ մտավորական համարում եմ, պետք է գիտակցի կնոջ դերն ու արժեքը: Ես կատեգորիկ դեմ եմ, որ կնոջ հավասարությունը լինի ի վնաս իր գեղեցկությանն ու կանացիությանը: Ես ուզում եմ դուռը բացել, որ կինն անցնի, աթոռը քաշել, որ նա նստի, եւ ուզում եմ, որ նա ինձ անընդհատ խաբի, թե թույլ արարած է: Դա իմ դուրը գալիս է:
-Ձեր բոլոր ներկայացումները անշլագով են անցնում, դահլիճը միշտ լիքն է, ինչո՞վ եք պահում հանդիսատեսին:
-Ոչ մի մասնավոր բաղադրատոմս չունեմ: Բայց միշտ մտածում եմ, թե ինչ բարձրացնեմ բեմ, որ հետաքրքիր լինի տարբեր տարիքային խմբերին:
-Ձեր ներկայացումների մասին կարծիք կա, որ դրանք կոմերցիոն բնույթի են. ե՛ւ գումար եք վաստակում, ե՛ւ հանդիսատես պահում:
-Իհարկե, բայց դրա մեջ վատ բա՞ն եք տեսնում: Մենք պետք է սովորենք ուրիշների դրամները չհաշվել: Իսկ ի՞նչ է նշանակում կոմերցիոն ներկայացում: Այդ արտահայտությունն առաջին անգամ այստեղ եմ լսել: Երբ դուք գնում եք պետական թատրոն, նույնպես դրամ եք տալիս չէ՞ տոմսի համար: Իսկ ինչո՞ւ այդ դրամը կոմերցիոն չի համարվում, իսկ մեր ներկայացումները դառնում են կոմերցիոն բնույթի: Ի՞նչ է կոմերցիան` դու տալիս ես գումար, ես քեզ ապրանք՝ լինի դա թատրոն, թե փուչիկ:
-Ենթադրում եմ, որ դժգոհ չեք Ձեր հանդիսատեսից, ներկայացումների հաճախականությունից. հակառակ դեպքում արդեն հետ գնացած կլինեիք Ֆրանսիա:
-Մի քիչ համաձայն չեմ Ձեր ասածի հետ. ինձ այստեղ ոչ միայն դա է պահում է: 32 տարի Փարիզում եմ ապրել, բայց եթե նկատեցիք, իմ ռուսերենն էլ է տեղը, հայերենն էլ, ֆրանսերեն խոսքեր չեմ օգտագործում, ասանկ, անանկ, լոյերին տեսանք, բիզի էր եւ այլն չեմ ասում: Ես միշտ եղել եմ երեւանցի, միշտ համարել եմ, որ սա իմ քաղաքն է: Եթե իմ ներկայացումները չստացվեին, գուցե դպրոց բացեի կամ խանութ, ռեստորան, ամեն դեպքում, հակված էի այստեղ մնալու:
ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔՈՒՄ ՓՆՏՐԵ՛Ք ԿՆՈՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ