Այսօր Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ մի շարք փողոցներում ճանապարհների սալարկման աշխատանքներ են տարվում։ Այդ փողոցների թվում էր նաև «Հայկ Ղալումյան» փողոցը, ինչը համացանցում քննարկումների առիթ էր դարձել, թե Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անվանումով է կոչվում փողոցը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Հայկ Ղալումյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ առնչություն ունի փողոցն իր հետ, արդյո՞ք հենց իր անվամբ է կոչվել այն։
Հայկ Ղալումյանն էլ ասաց, որ փողոցն իր ազգականի անվամբ է կոչվում՝ «Հայկ Ղալումյան», որը ոստիկան է եղել։
«Տարիներ առաջ ոստիկան Հայկ Ղալումյանը հանցագործին վնասազերծելիս զոհվել է։ Այդ հանցագործը նռնակ է փորձել նետել կնոջ ու երեխայի վրա, այդ պահին ոստիկանը պաշտպանել է կնոջն ու երեխային, որպեսզի նռնակը չդիպի նրանց, արդյունքում ինքը զոհվել է։ Իջևանի այդ փողոցն էլ իր անվամբ է կոչվում»,-ասաց մարզպետ Հայկ Ղալումյանը։
Քրիստինա Մուշեղյան