Ինչ սպասել QR կոդերի «ներմուծումից». տրանսպորտի «հակառակ» կողմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման է լինելու կա՛մ 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կա՛մ QR կոդի առկայությունը, որով հնարավոր է վճարում իրականացնել։

Իհարկե այս ամենը հասարակական տրանսպորտից օգտվող անձանց լիարժեք գոհունակությանը չի արժանացել, քանի որ շատերի կարծիքով այս ամենը խառնաշփոթ է առաջացնելու, անգամ՝ հերթեր, ինչպիսիք օրինակ եղան մետրոյում ժետոնների փոխարինումից հետո։

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ։

-Պարո՛ն Խաժակյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կփոխի այս ամենը տրանսպորտային համակարգում։ Արդյո՞ք կբարելավվի տրանսպորտային ոլորտում տիրող իրավիճակը։

– Այս որոշման պատճառն այն է, որ քաղաքապետարանը ստեղծել է նոր մոնոպոլիա այն վճարահաշվարկային կազմակերպության համար, որը պետք է սպասարկի տրանսպորտային համակարգի վճարումները և այսքան ժամանակ մարդիկ հրաժարվել են օգտվել այդ QR կոդերից, այն է թե՝ գնել տվյալ կազմակերպությունից։ Հիմա քանի որ այդ կազմակերպության մուտքերը, ըստ ամենայնի, չեն ապահովել այնքանով, որքանով քաղաքապետարանը կամ առանձին պաշտոնյաներ ակնկալում էին, որոշում է կայացվել այնպես անել, որ ավելացվեն այդ մուտքերը։ Մետրոյում առաջին քայլով ժետոնները հանեցին` թողնելով, որ մարդիկ ստիպված լինեն գնան և այդ QR-ով ձեռք բերեն, հիմա նմանատիպ քայլ իրականացնում են ավտոբուսների համար։ Սա է այդ մոնոպոլիան, որովհետև այլ կազմակերպությունից փաստացի տրանսպորտի տոմս գնել հնարավոր չի լինելու։ Այդ մոնոպոլիան ամրապնդելու համար է։ Բնականաբար սա տրանսպորտի բարելավման կամ միասնական տոմսային համակարգի ներդրման համար չի։

-QR կոդերից օգտվելը դժվարություններ չի առաջացնի՞ հատկապես մեծահասակների շրջանում։

-Ես կարծում եմ QR կոդից օգտվելը խնդիր կառաջացնի, բայց եկեք նկատի ունենանք հետևյալը․ երբ մրցույթը կայանում էր այդ միասնական տոմսային համակարգի, QR-ը ընդամենը տարբերակներից մեկն էր, պետք է լիներ քարտային համակարգ։ Առ այս պահը մյուս մնացյալ կետերը, որոնք մրցույթի պարտադիր պայման էին, չի իրականացվել, ժամկետների բոլոր խախտումներով, պայմանագրի ժամկետները խախտված են։ Քաղաքապետարանի պաշտոնյաները պարզապես աչք են փակում այդ հանգամանքի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե ի սկզբանե միայն QR-ը պետք է լիներ, ինչը այդպես չի։ Բայց, քանի որ  QR-ն էլ իր հերթին ձախողվեց և մարդիկ սկսեցին չօգտագործել, հիմա ասում են 100 դրամանոց ունեցեք, կամ QR ձեռք բերեք, ինչն, իհարկե, աբսուրդի ժանրից է։

-Պարո՛ն Խաժակյան, ընդհանուր առմամբ ի՞նչ է պետք անել տրանսպորտային համակարգի իրավիճակը ավելի լավը դարձնելու համար, որ էլ ավելի վատը չդառնա։

-Անհրաժեշտ է սպասարկող կազմակերպության օպերատորի ներգրավում, ինչը հիմա իրականացնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, ակնհայտորեն իրականացնում է ոչ բարվոք իրավիճակում, իսկ եթե խոսում ենք հենց միասնական տոմսային համակարգի մասին, ապա  պետք է ասենք, որ գործող պայմանագիրը և այն ինչը մատուցում է շահած կազմակերպությունը, իրարից շատ հեռու են և այլ ցանկացած նորմալ դեպքում սա պետք է արժանանար քաղաքապետարանի կողմից պայմանագրի լուծման, իսկ դա տեղի չունենալու դեպքում պետք է հետաքրքրվեին, թե ինչու է քաղաքապետարանը աչք փակում մրցույթով նախատեսված պայմանների չիրականացմանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս