ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. ԱԺ ՎԵՐՋԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ՝ Ազգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպի, Կոմիտեի նախագահի հասցեին հնչած «ռեպլիկի» եւ այդ դեպքից հետո ծավալված իրադարձությունների մասին։
-Պարո՛ն Համբարձումյան, Ձեզ՝ որպես բարձրաստիճան սպայի, ով ղեկավարել է այն կարեւորագույն կառույցը, որը ղեկավարել է նաեւ Արգիշտի Քյարամյանը, կխնդրեի գնահատել նրա վարքն օրենսդիր մարմնում։
-2020 թվականի մայիսին ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում երբ նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, իմ ղեկավարման ներքո գտնվող կոռուպցիայի հակազդման եւ տնտեսական անվտանգության 5-րդ դեպարտամենտի աշխատանքների կոորդինացումը վերապահվեց նրան։ Ես Քյարամյանին չեմ ճանաչել եւ իր հետ աշխատելու առիթ նախկինում չեմ ունեցել։ Չնայած համակարգում նոր մարդ լինելուն` կարճ ժամանակում նա ընկալեց իրավիճակը, դիրքավորվեց եւ, թույլատրելիի սահմաններում իր ինքնուրույնությունը պահպանելով, կարողացավ գործողություններ իրականացնել։ Քյարամյանի հետ աշխատանքս հեշտ է ստացվել, կար փոխադարձ վստահություն: Ես տեսնում էի, որ նա վախկոտ չէ, հնարավոր ձախողումներից ավելորդ չի ապահովագրում իրեն, մեզ հարվածի տակ դնելով՝ չի փորձում քծնանքով, ձեւական ջանասիրությամբ հաճոյանալ վարչապետին, նրա մերձավոր թիմակիցներին։ Փոխադարձ վստահության արդյունքում 5-րդ դեպարտամենտի աշխատանքը նոր թափ ստացավ, չնայած եղել են նաեւ գործեր՝ հատկապես ներքին անվտանգությանն առնչվող, որոնցով, իմ կարծիքով մենք չպետք է զբաղվեինք։ Վարչապետի քաղաքական կամ մերձավոր թիմից նշանակումը նշված պաշտոնում, համենայն դեպս Քյարամյանին ես այդպիսին եմ համարել, հույս տվեց, որ ԱԱԾ-ն զերծ կմնա ավելորդ անվստահությունից, կառուցվածքային անհարկի ցնցումներից, ինչն այդ ժամանակահատվածում իսկապես այդպես էլ եղավ։
Այլ կերպ ասած՝ Արգիշտի Քյարամյանն ինքնուրույնություն, իր դեմքն ունեցող մարդ է՝ գաղափարով ու մոտեցումներով նվիրված վարչապետին։ Ընդհանրապես, կա մարդու տեսակ, ով անհարմար է դառնում շրջապատին, քանի որ չի հայտնվում ազդեցության տակ, ենթարկվում է բացառապես իր անմիջական ղեկավարին՝ դրանով իսկ մնալով իր մասնավոր գործառույթների շրջանակներում։
Նկատի ունեցեք, որ «իր եսը» չունեցող, բոլորին հաճոյանալու պատրաստ ղեկավարը թուլացնում է կառույցը, խախտում նրա տեղն ու դերը իրավապահ համակարգի հիերարխիայում, որի ականատեսը, ցավոք, եղել եմ ոչ վաղ անցյալում՝ այլ ղեկավարի օրոք։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կարծում եմ՝ այն տեւական ժամանակ կողմերի միջեւ ձեւավորված լարվածության հետեւանք էր, որն այս կերպ դրսեւորում ստացավ։ Ես հիշում եմ, որ մինչ այդ, մամուլում Քյարամյանին առնչվող մի շարք հրապարակումներ եղան, թե իբր նա է պատգամավորների հաջորդ թիրախը՝ Գրիգոր Մինասյանից հետո։ Անխոս, Քյարամյանը պետք է իրեն հավասարակշռված ու զուսպ պահեր, բայց չմոռանանք, որ ԱԺ-ում մենք ականատես ենք եղել շատ ավելի վատ ու պախարակելի, նույնիսկ խուլիգանական իրադարձությունների, ինչը չի ունեցել որեւէ հետեւանք ու այսօր մոռացության է մատնվել։
-Արդյոք Վանեցյանի՞ն նկատի ունեք ԱԱԾ նախկին ղեկավարներից, ով, «իր եսը» չունենալով, թուլացրել է կառույցը։
-Բացարձակապես. ես միշտ ասել եմ, որ Վանեցյանի շնորհիվ 2018 թվականի իրադարձություններից հետո ԱԱԾ-ն զերծ մնաց ցնցումներից, կառուցվածքային փոփոխություններից, օպերատիվ եւ ղեկավար կազմի «ջարդից»։ Նա նպաստեց նոր իրողությունում ԱԱԾ աշխատանքի կազմակերպմանը եւ հասարակության կողմից դրական գնահատականի արժանանալուն։ Նշածս պաշտոնյայի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում, կարծում եմ՝ այսքանն էլ բավարար էր։
-Նիստ հրավիրողը «տղայական պահվածք» բնութագրեց Քյարամյանի պահվածքը, Դուք, կարծես, չեք կիսում այդ կարծիքը։
-Ես զերծ կմնամ Քյարամյանի պահվածքը տղայական կամ տղամարդկային բնութագրելուց, քանի որ, կրկնում եմ՝ Քյարամյանը պետք է իրեն հավասարակշռված ու զուսպ պահեր՝ անկախ պատճառներից ու դրան նախորդած իրադարձություններից. նրան դա պարտավորեցնում է զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքը։ Ընդհանրապես, քաղաքական իշխանության կողմից ուժային կառույցների կամայականությունների հանդուրժումը հանգեցնում է ամենակարողության, անպատժելիության թյուր պատրանքի, այս դեպքում՝ գուցե նաեւ դրա ականատեսն էինք։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում
ՄՏԱԴԻՐ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ ԱՆԵԼ
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելել էր Շիրակի մարզ։
Նա շրջել էր համայնքներում՝ ծանոթացել կատարվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ, նաեւ, առիթը բաց չթողնելով, հեծանիվ վարել Գյումրիում։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում նաեւ ՔՊ-ն նիստ անցկացրեց, որի մասնակցում էին նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը եւ այլ կուսակցականներ։
Դեռ տարեսկզբից մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում , որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Շիրակի մարզպետին պաշտոնանկ անել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, անդրադառնալով շրջանառվող այս տեղեկություններին՝ նշում է, թե իրեն հայտնի չէ, որ մտադիր են պաշտոնանկ անել, ավելին՝ մարզպետը պնդում է, թե այդ խոսակցություններն անձնական շահեր ունեցող մարդիկ են տարածում։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 19-ին Գյումրիում կայացած կուսակցական նիստում աշխատանքայն հարցեր են միայն քննարկվել։
Չնայած մարզպետի այս պնդմանը՝ մի բան հստակ է՝ վերջին շրջանում Շիրակի մարզը, մասնավորապես՝ Գյումրին, իշխանությունների ուշադրության կենտրոնում է, թե՛ վարչապտը, թե՛ նրա տիկինը հաճախ են Գյումրի այցելում, եւ, ըստ մամուլի, այդ այցերը քաղաքական տարբեր հանդիպումներով եւ քննարկումներով են ուղեկցվում։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ