«ՉԱՂ ՌՈՒՍՏԱՄԻ» ՈՒ «ՖԱԶԻ» ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԾԵԾԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը որոշում է կայացրել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի եւ նրա ընկերների կողմից Կենտրոնի դատարանի բակում ծեծկռտուքի գործով:

 

Մասնավորապես, 2024 թվականին սպանված Սերգեյ Գրիգորյանի մասով գործը կարճվել է, իսկ ահա նրա ընկերներից ոմանք պայմանականորեն ազատ են արձակվել, իսկ ոմանց էլ պատիժ է սահմանվել՝ տուգանքի տեսքով։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ քրեական հեղինակություն Ֆազի ընկերներից մեկն էլ՝ Գագիկ Սարգսյանը, դատարանի որոշմամբ արդարացվել է:

Իսկ ի՞նչ էր կատարվել

2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:

«Ֆազի» եւ «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց:

Արդյունքում, այս արարքի համար դատարանի առաջ կանգնեցին Արման Ենոքյանը, սպանված Սերգեյ Գրիգորյանը, Վահրամ Մարգարյանը, Բորիս Սիմոնյանը, Գագիկ Սարգսյանը:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ կատարել են խուլիգանություն, այն է՝ ցուցաբերել են հասարակության նկատմամբ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսեւորվել է հայհոյանքներով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, որի ընթացքում մի խումբ անձանց հետ կատարել է նաեւ ֆիզիկական ներգործություն՝ մեկից ավելի հարվածներ է հասցրել Զորիկ Վարդանյանին եւ Տիգրան Մանթաշյանին՝ Զորիկ Վարդանյանին պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Տիգրան Մանթաշյանին՝ ֆիզիկական ցավ:

Ըստ էության՝ քրեական հեղինակությունների դատարանի վեճը ավելի էր խորացրել կողմերի միջեւ լարվածությունը, ինչի արդյունքում 2024 թվականին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին, սպանեցին, ու գործով կալանավորված է քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՎԱՅՐ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթեւեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետեւի դուռը, ինչի հետեւանքով 3 ուղեւոր ընկել է ճանապարհին եւ ստացել մարմնական վնասվածքներ։

Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաեւ ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երեւան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։

Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել: Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաեւ, որ ավտոբուսն ունի 36 ուղեւորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետեւի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել եւ բացվել է:

Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց եւ հանձնվել ոստիկանության պահպանմանը:

Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում:

Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին Երեւանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները եւ նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, Երեւան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի: Երեւան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետեւի դուռը, այս պահին քննությամբ ստուգման ենթակա, չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետեւանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաեւ մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետեւից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։

Ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երեւան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է։

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 




Լրահոս