«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։
Դատելով իրավիճակից՝ «Կենտրոն վարչական շրջանի վրա թաղապետ չի գալիս», քանի որ ով նշանակվում է՝ նրա ղեկավարության ներքո գտնվող շրջանակում կոռուպցիոն գործարքներ են իրականացվում: Հիմա էլ նոր թաղապետ Պետրոս Պետոյանը կհայտնի, թե տեղյակ չի եղել, իսկ իրականում թաղապետերը կամ անգործության են մատնված կամ էլ գուցե լավ տեղյակ են եւ իրենց բաժին շահագրգռվածությունն ունեն կաշառքի գործերում։ Օրինակ՝ անցած տարի, երբ Կենտրոնի թաղապետը Սամվել Ղուկասյանն էր, նրա աշխատակիցներն էին կաշառքի գործընթացի մեջ մտել, ու հիմա այդ գործը դատարանում է, իսկ ահա նախկին թաղապետ Ղուկասյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ մի բան էլ բարձր պաշտոնի նշանակվեց Երեւանի քաղաքապետարանում: Իսկ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետրոս Պետոյանն է, եւ նրա աշխատակիցները խմբով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն։
Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում։
ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը օրերս Hark Media TV-ի եթերում հայտարարել էր, որ ՀՀ-ում համատարած անգրագիտություն է տիրում։ Վերջինս իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի դպրոցներում մայրենի լեզվի շարադրություններից երեխաների 1/4-ը բացասական գնահատական է ստանում, իսկ մաթեմատիկա առարկայից՝ 2/3-ը։
«Հայաստանի կրթությունը համեմատենք տարածաշրջանի երկրների հետ։ Անցած տարի հետազոտություն է իրականացվել ռեգիոնի բոլոր երկրներում. նույն տարիքի երեխաների տրվել է մայրենի լեզվից շարադրություն եւ մաթեմատիկայից՝ գրավոր աշխատանք։ Հետազոտությունը արվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Իմ թվարկած երկրներից որտե՞ղ է ամենավատ իրավիճակը գրանցվել… Հայաստանո՛ւմ։ 3-ից 2-ը ստացել է բացասական գնահատական։ Մայրենի լեզվից 4-ից 1-ը ստանում է բացասական գնահատական։ Ավելի ահարկու բան ասեմ. այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցահասակ երեխաների 10-ից 1-ը, անցած տարվա տվյալներով, ուղղակի դպրոց չի գնում։ Այսինքն՝ անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում», – ասել է Ատոմ Մխիթարյանը։
Կրթության փորձագետը որակել է, որ Հայաստանում համատարած անգրագիտություն է տիրում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հետ հայացք ձգելով, նկատեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հենց գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ, անարգելով կրթական համակարգը, դիպլոմ է ստացել:
Չխոսելով անգամ բացակաների մասին՝ ընդգծենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հենց իր ենթակայության տակ գտնվող հիմնարկում է ուսումնական պրակտիկան անցել, գնահատական ստացել իր ենթականերից: Սա ի՞նչ է, եթե ոչ անգրագիտության խթանում մագիստրոսական համակարգում:
Այս հարցով դիմեցինք Ատոմ Մխիթարյանին հասկանալու համար՝ ինչո՞ւ է հանդուրժել այդ ամենը։ Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանեց. «Դա փաստ չէ, որովհետեւ ես մի անգամ էլ եմ մեկնաբանություն տվել։ Դասերին մասնակցել է եւ ավարտել է ինչ-որ ոչ բարձր գնահատականներով։ Բայց դասերին եթե չմասնակցեր, չէր կարող ավարտել, դա՝ վստահաբար»։
Իսկ պրակտիկան իր ենթակայությամբ, իրենից կախված մարդկանց մոտ անցնելը ի՞նչ է, եթե ոչ անարգանք կրթական համակարգի նկատմամբ: «Լիսկան» կնախանձեր թերեւս:
Թեեւ փաստաթղթերով կամ իրականում ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն այժմ «Դատալեքս»-ն է ողողված հիշյալ ընկերության դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ։ «Արինս Կապիտալ», «Ռոգո ինշուրանս», «Արգիշտի 2», «Վիկան», «Բետոնագործ», Սեւակ Բոյաջյան եւ գուցե այլք փորձում են արդարադատություն գտնել «Եվրոասֆալտի» դեմ պայքարում։ «Ժողովուրդ»-ը կհետեւի սույն դատական գործերի ընթացքին՝ հասկանալու, թե Ալեն Սիմոնյանի բանակի ընկերը ինչեր է թույլ տվել:
Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին: Հիմա էլ հերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն եւս: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում այս հարցը քննարկվում է, եւ ավագանու առաջիկա նիստերին հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան: Տեղեկության վերաբերյալ դիմեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանին, վերջինս էլ ասաց. «Պեդրո Զարոկյանի վարքը ավագանու յուրաքանչյուր նիստի ընթացքն է խանգարում, նա վիրավորում է նիստին ներկա անդամներին, ինչն անթույլատրելի է: Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, եւ ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»: Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի. «Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»: