«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն օրերս էկրաններ բարձրացավ նաեւ Բելգիայում: Փարաջանովին նվիրված ֆիլմը հոկտեմբերի 14-18-ը մասնակցել է հեղինակավոր «Film Fest Gent»-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, Վենետիկում էր տեղի ունեցել «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող ֆիլմն ընդգրկված էր Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, որտեղ մեկ անվանակարգում մրցում էին 9 ֆիլմ:
Հատկանշականն այն է, որ 20 տարի անց Հայաստանի դրոշը կրկին ծածանվում էր Վենետիկում:
«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից: Նա որոշում է լքել այն երկիրը, որտեղ ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, ուզում է վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակի ապրել: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։
Փարաջանովի կյանքի եւ ստեղծագործության միջոցով եւ հենց նրա հետ կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, թե ինչպես են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակույթի եւ մշակույթային գործիչների կյանքում եւ այլ հարցեր: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյատեւեն չնայած արգելքներին եւ բռնապետություններին:
Ընդհանուր գաղափարների, նպատակների եւ լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:
Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա եւ հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ հեղինակային տեխնիկա։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում: Երեւանում է նկարահանվել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։
ԱՅՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ:
Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը:
Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին:
Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը «Ճախրուկ» էթնո երաժշտախմբին հանձնել է շնորհակալագիր՝ երգով եւ երաժշտությամբ՝ համերաշխության, բարության տարածման, առանձնահատկություններով անձանց իրավունքների խթանման համար:
Երեկոյի ավարտին միջազգային համաժողովի հյուրերն ու պաշտպանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը տեսնելու նպատակով:
«Օմբուդսմանական/Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների եւ օմբուդսմանական միակ ազգային հաստատություն, մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների եւ իրավահավասարության մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող եւ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը եւ խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։