ԻՆՉ Է ԳՐԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է.

 

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը եւ Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջեւ հարաբերությունները:

Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ապահովություն եւ կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Ինչպես գիտեք՝ Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն եւ փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն եւ հետեւողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, եւ ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։

Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել եւ ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց՝ այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը եւ խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, եւ ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 




Լրահոս